Շրջանառվող օրինագիծն ընդունելու դեպքում հոկետեմբերի 2-ից հետո դատարանները կարող են ծանրաբեռնվել, եթե մարդիկ համատարած վիճարկեն պարտադիր պատվաստվելու որոշումը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով իշխանությունների հեղինակած օրինագծին, որով գործատուներին և մի շարք պաշտոնյաներին ստիպելու են պատվաստվել եւ դա պարտադրել իրենց աշխատակիցներին:
«Այդտեղ ասվում է, պետական ծառայողը, օրինակ՝ պատգամավորի օգնականը կարևոր պետական գործառույթ է իրականացնում և եթե հանկարծ նա վարակվի, ապա պետական գործառույթի իրականացումը կվտանգվի: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ եք այդ ցանկից հանել ՀՀ նախագահին, վարչապետին և պատգամավորներին»,-ասաց նա հավելելով, որ գուցե նման մոտեցում է արվել, քանի որ չպատվաստվելու դեպքում պատգամավորի օգնականին կարող են գրչի մի հարվածով աշխատանքից հեռացնել, իսկ պատգամավորներին, վարչապետին և նախագահին՝ ոչ:
«Մարդիկ, օրինակ՝ պատգամավորի օգնականը կարող է հարց տալ, թե ինքն է՞ ավելի կարևոր պետական գործառույթի իրականացնում, թե պատգամավորը, ըստ օրինագծի՝ ստացվում է, որ ինքը: Սա ներկայումս մեր երկրում իշխանություն իրականացնող մարդկանց հեղինակային իրավունքին չի պատկանում, մենք չենք կարող ասել, որ նրանք հատուկ բաներ են անում, չեմ բացառում, որ այն միջազգային կազմակերպությունների կողմից պարտադրանքի արդյունք է, ինչպես այլ ոլորտներում, այնպես էլ այս ոլորտում, քանի որ մենք ունենք ինքնիշխանության խնդիր, բառիս լայն իմաստով մենք չենք որոշողը»,-ասաց Մելիքյանը:
Նա նկատեց, որ ինքը հանդես չի գալիս պատվաստումների դեմ, այլ խոսում է մարդուն ընտրության հնարավորություն տալու մասին:
Բանախոսն անդրադարձավ նաև վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացնելու իշխանությունների որդեգրած մոտեցմանը՝ նշելով. «Դատարանում ժամանակին ներկայիս վարչապետին դատում էին նրա համար, որ նա վատ ձևով վիրավորել էր համալսարանի դասախոսներից մեկին, այն ժամանակ արարքը հանցագործություն էր և Նիկոլ Փաշինյանն այն վերածեց մեծ խնդրի: Իսկ այս իշխանությունը ընտրություններից հետ քրեականացրեց հայհոյանքը: Ժամանակ դատվող Նիկոլ Փաշինյանը փաստում էր, որ ինքը լրագրող է և դրա համար չի կարելի իրեն դատել, և կատարվածն այն ժամանակվա իշխանությունների սրիկայական գործելաոճն էր, իսկ այսօր Փաշինյանը վերադառնում է այդ նույն քաղաքականությանը՝ փաստորեն ասելով, որ նախկինում ճիշտ էին անում, որ իրեն դատում էին»:




























