Դատարանը հնարավորություն չի տալիս իրավական գործիքներով իրականացնել Արմեն Գեւորգյանի պաշտպանությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ալեքսանյանը հայտարարել է  գործընթացը լքելու մտադրության մասին՝ կապված դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների հետ։

«Մենք պնդում ենք, որ դատավոր Դանիբեկյանը հանցանք է գործել եւ պետք է պատասխանատվություն կրի։ Այժմ բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում, եթե այն բավարարվի, ապա քրեական գործ կհարուցվի»,-նշեց Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ Դանիբեկյանը չի կարողանում զսպել իր էմոցիաները։

 Անդրադառնալով Դանիբեկյանի անձին՝ նա կրկնեց, որ նրա գործողությունները խախտում են Գեւորգյանի՝ պաշտպանության իրավունքը։

Հարցին, թե արդյոք նա լքել է գործընթացը վերջնական, փաստաբանը պատասխանեց, որ տվյալ պահին հնարավոր չի համարում այդ գործում Դանիբեկյանի մասնակցությամբ Գեւորգյանի պաշտպանության իրականացումը, սակայն մնում է Գեւորգյանի փաստաբանը այլ գործերով։

Խոսելով  ներկայիս միջադեպի պատճառների մասին՝ Ալեքսանյանը նշեց, որ Արմեն Գեւորգյանը նոր կարգավիճակ ունի, իսկ պատգամավորական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել։ Այնուամենայնիվ, դատարանը մերժել է հարցի քննարկումն ու ՍԴ դիմումը։ «Դիրքորոշումը կարող է փոխվել։ Դատարանը համարձակություն չունեցավ ասել, որ փոխել է դիրքորոշումը։ Արդյո՞ք պետք է նման դատարան։ Դա դարի գործընթաց է, եւ անթույլատրելի է, որպեսզի դատավորը վնասի այդ գործով արդարադատության հեղինակությունը։ Եթե Աննա Դանիբեկյանն ի վիճակի չէ վարելու գործը, ապա թող չվարի»,-հայտարարեց Ալեքսանյանը։