Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում գտնվելուս ողջ ընթացքում փորձել եմ առավելագույնս ուժեղացնել երկխոսությունը մասնավոր հատվածի եւ պետության միջեւ, եւ այդ ուղղությամբ առաջընթաց կա։ Այս մասին Հայաստանի գործարար միջավայրի բարելավման USAID ծրագրի շրջանակում տեղի ունեցած միջոցառման ժամանակ սեպտեմբերի 8-ին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ կառավարության խնդիրն է՝ չսահմանափակվել ձեռք բերվածով։
Նա ավելացրեց, որ իշխանությունները մեծ նշանակություն են տալիս գործարար միջավայրի բարելավմանը եւ բիզնեսի ու պետության միջեւ երկխոսության զարգացմանը, ինչն օգնում է վերհանել բիզնեսի խնդիրներն ու համատեղ որոշումներ գտնել։ «Այս իմաստով կարեւոր է քաղաքացիական ինստիտուտների, բիզնես-ասոցիացիաների եւ միավորումների դերի ուժեղացումը, ինչին ուղղված է կառավարության գործունեությունը։ Հենց այդ երկխոսությունն է օգնում պետությանը որքան հնարավոր է քիչ սխալներ գործել, եւ ընդհանրապես երկրի զարգացման գլխավոր հենարաններից մեկն է»,- ընդգծեց Քերոբյանը։
Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկեցին պետության եւ բիզնեսի միջեւ երկխոսության խնդիրները։




























