Մինդի մերձարեւադարձային մրրիկը, որը ձեւավորվել է Մեքսիկական ծոցում, շարժվում է  ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի ափագծի ուղղությամբ, տեղեկացնում է CNN-ը։

ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայությունում նշել են, որ Մինդին Ֆլորիդա կհասնի եւ կշարժվի Ատլանտյան օվկիանոսի արեւմուտքով ու կանցնի Ջորջիա եւ Հարավային Քարոլինա նահանգների հարավային շրջաններով։  Փոթորիկը առաջ է բերում առավելագույն կայուն քամիներ՝ մոտ 65 կմ/ժ արագությամբ, ավելի ուժգին պոռթկումներով։

Սպասվում է, որ Ֆլորիդայում տեղումների ընդհանուր քանակը կհասնի 15 սանտիմետրի։

Հրապարակման մեջ նշվում է, որ Ֆլորիդայի հյուսիսարեւմտյան մասում՝ Փանհանդլում, սպասվում են հեղեղումներ եւ տոռնադո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Ամերիկային է մոտենում «Լարի» փոթորիկը, որը հզորությամբ կարող է գերազանցել վերջերս ԱՄՆ-ին հարվածած «Իդա» փոթորկին։

Այժմ «Լարիին» տրվել է վտանգի երրորդ կարգ։ Սակայն շուտով այն կարող է ուժեղանալ մինչեւ չորրորդ կարգ՝ քամու ավելի քան 150 մղոն/ժամ արագությամբ, կարծում են գիտնականները։

Սակայն օդերեւութաբանները կանխատեսում են, որ մրրիկը կանցնի Ատլանտիկայի ջրերով, կմոտենա Բերմուդյան կղզիներին ու Հյուսիսային Ամերիկային, բայց, ամենայն հավանականությամբ, կշրջանցի ԱՄՆ-ը։

Նշվում է, որ Միացյալ Նահանգների արեւելյան ափի մեծ մասը կզգա փոթորկի ազդեցությունը. շաբաթվա կեսին այդ տարածքում կարող են ուժեղ ալիքներ լինել։