Ֆրանսիայի 32 դեպարտամենտում եղանակային վտանգի նախավերջին (նարնջագույն) մակարդակ է հայտարարվել՝ առատ անձրեւների եւ ջրհեղեղի վտանգի պատճառով: Այս մասին հինգշաբթի գիշերը հայտարարել է Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Ամպրոպները՝ հաճախ շատ ուժեղ, տեղի են ունենում Ժեր դեպարտամենտից մինչեւ Ցենտր՝ Լուար հովիտ: Միջինում ժամում 30-ից 60 մմ տեղումներ են գրանցվում, տեղ-տեղ՝ կարկուտ»,- զգուշացնում են օդերեւութաբանները:

Բացի այդ, Աժեն քաղաքի շրջանում երեք ժամվա ընթացքում տեղացել է 88 մմ տեղումներ: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կենտրոնական թաղամասերի փողոցներն այնտեղ արդեն հեղեղվել են: Կանխատեսումը ցույց է տալիս, որ փոթորկային ճակատը կշարունակի շարժվել դեպի արեւելք, իսկ հորդառատ անձրեւները կշարունակվեն երկրի հարավում: Գիշերվա երկրորդ կեսին երեք ժամվա ընթացքում մինչեւ 120 մմ տեղումներ են սպասվում Օդ եւ Թարն դեպարտամենտներում: