ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 23-ի առավոտյան մասնակցել է ԼՂՀ 5-րդ գումարման խորհրդարանի ընտրություններին: «Ես քվեարկել եմ հանուն որակյալ խորհրդարանի, որտեղ պետք է աշխատեն պրոֆեսիոնալներ»,- հայտարարել է Ղուլյանը լրագրողներին՝ հավելելով, որ նախկին խորհրդարանականները նույնպես բարձր մակարդակով կատարել են իրենց պարտականությունները: Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է NEWS.am-ի սեփական թղթակիցը, նա դրականորեն է գնահատել ընտրությունների հանդեպ միջազգային դիտորդների բարձր հետաքրքրությունը:
Խոսնակը նաեւ հույս է հայտնել, որ դիտորդների գնահատականները կլինեն դրական, եւ դա կհաստատի ԼՂՀ-ի միջազգային ճանաչման իրավունքը: Նրա խոսքով, Ղարաբաղի խորհրդարանը լավ ասպարեզ է այդ հարցի շուրջ բանավեճերի համար: Ղուլյանը հիշեցրել է, որ ներկա գումարման խորհրդարանը բազմիցս լսումներ է կազմակերպել ԼՂ խնդրի վերաբերյալ եւ հույս է հայտնել, որ նոր խորհրդարանը կշարունակի այդ գործը:
«Երբեւէ Ադրբեջանը կհաշտվի այն փաստի հետ, որ ԼՂ-ն 1991-ից ի վեր իր բոլոր հարցերն ինքնուրույն է լուծում»,- հայտարարել է ԼՂՀ ԱԺ նախագահը, մեկնաբանելով Ադրբեջանի քննադատությունը՝ Ղարաբաղում ընթացող ընտրությունների վերաբերյալ:



























