Խորհրդարանական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում անցկացվել են բարձր մակարդակով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 24-ին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Մաքսիմ Միշենկոն:

Նրա խոսքով, հաջող անցկացված ընտրությունները Լեռնային Ղարաբաղը մղել են առաջ հանրապետության միջազգային ճանաչման գործում: «Աշխարհն ու հանրությունը կտեսնեն, թե ինչ է կատարվում այստեղ, ինչպես են մարդիկ ցանկանում արտահայտել իրենց կարծիքը, դիրքորոշումը: Իսկ երբ ժողովուրդը միասնական է, արտաքին ոչ մի ուժ չի կարող պառակտել նրան: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փայլուն ապագա ունի»,- ամփոփել է ռուսաստանցի պատգամավորը:

Ընտրությունները Լեռնային Ղարաբաղում անցկացվել են մայիսի 23-ին: Նախնական տվյալներով, ընտրություններում առաջատարը «Ազատ Հայրենիք» կուսակցությունն է՝ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ: Ընտրողների մասնակցությունը կազմել է 70,22 տոկոս, ինչը բավական բարձր ցուցանիշ է:

Նշենք, որ պայքարն ընթացել է եւ մեծամասնական (16 տեղ) եւ համամասնական (17 տեղ) ընտրակարգերով: 33 հոգանոց խորհրդարանում 17 մանդատի համար պայքարում են 4 կուսակցություններ. «Ազատ Հայրենիքը» 38 հոգանոց ընտրացուցակով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 32 հոգանոց ցուցակով, ՀՅԴ-ն` 17 հոգանոց ցուցակով եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը` 7 հոգանոց ցուցակով: Մնացած 16 մանդատները վիճարկել են մեծամասնական ընտրակարգով պատգամավորները: