«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունները վկայում են Արցախում ժողովրդավարության կայացման մասին»,- հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ԼՂՀ-ում մայիսի 23-ին տեղի ունեցած ընտրությունները:
«Համաժողովրդական ազատ, արդար ընտրությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեւավորվել են կայուն քաղաքական ինստիտուտներ, օրինական իշխանություններ՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ:
Բոլոր նախորդ ընտրությունների նման՝ մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններն արժանացել են տարբեր երկրներից ժամանած անկախ դիտորդների դրական գնահատականներին՝ իրենց կազմակերպվածությամբ, իրական մրցակցությամբ, գործող օրենսդրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխանությամբ: Ընտրությունները վկայում են Արցախում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման հանդեպ իշխանությունների եւ ժողովրդի հանձնառության մասին»,- նշել է նախարարը:
Ըստ Նալբանդյանի՝ «ԼՂՀ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի ճանաչումը կենտրոնական տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված՝ հիմնախնդրի կարգավորման առաջարկություններում, որոնց հիման վրա ընթանում են բանակցությունները»:
«Միջազգային հանրությունն առավել քան պետք է շահագրգռված լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում գործ ունենալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավել եւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մասին մանդատով: Սույն ընտրություններով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն հերթական անգամ ապացուցեցին ազատ եւ անկախ ապրելու իրենց կամարտահայտման վճռականությունը»,- ամփոփել է Էդվարդ Նալբանդյանը:



























