Աբխազիան եւ Հարավային Օսիան Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունները թափանցիկ եւ ժողովրդավարական են ճանաչել։
Ինչպես Ստեփանակերտում հայտարարել են Աբխազիայի խորհրդարանի փոխնախագահ Վյաչեսլավ Ցուգբան եւ Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ձիցոյտին, դիտորդական աշխատանքների ժամանակ խախտումներ չեն հայտնաբերվել։ Ընտրություններն անցել են բարձր մակարդակով, ինչը Լեռնային Ղարաբաղին ճանաչված հանրապետություն լինելու եւս մեկ իրավունք է ընձեռում։
Վյաչեսլավ Ցուգբայի խոսքով, «եվրոպական կառույցների կողմից ԼՂՀ ընտրությունների հասցեին արված քննադատությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում»։ «Ընտրությունները ԼՂՀ-ում Ղարաբաղի ներքին գործն են։ Դրանք խոսում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է որպես ժողովրդավարական հանրապետություն։ Քաղաքական ամեն ակցիայի ժամանակ ԼՂՀ-ն հաստատում է իր ինքնուրույնությունը եւ մոտենում է միջազգային ճանաչմանը»,- հայտարարել է Ցուգբան։



























