Իսպանիայի Բիլբաո քաղաքում աղջկա արձանը գետում «խորտակել են»: Հսկայական հուշարձանի գլուխը դուրս է մնացել ջրից եւ վախեցնում է քաղաքացիներին, գրում է «Իմ մոլորակը» պորտալը՝ հղում անելով Daily Mail-ին:

Քանդակի ստեղծողը մեքսիկացի հիպերռեալիստ նկարիչ Ռուբեն Օրոսկոն է: Նա իր ստեղծագործությունն անվանել է «Բիհար», որը բասկերեն նշանակում է «վաղը»: Պատվիրատուն բարեգործական կազմակերպություն է, որը զբաղվում է կայուն զարգացման հարցերով: Գաղափարի հեղինակները ցանկացել են ցույց տալ, որ մարդկանց գործողությունները, բնության հանդեպ նրանց վարքը կարող են «խորտակել մարդկությանը կամ մեզ բոլորիս ջրի երեսին պահել»:

Քանդակի քաշը մոտ 120 կգ է: Ներվյոն գետի ալիքները մեկ թաքցնում են աղջկա դեմքը, մեկ կրկին բացում այն: Քանդակը գիշերվա կեսին են իջեցրել ջրի մեջ, իսկ առավոտյան այն նկատել են Բիլբաոյի կենտրոնի բնակիչներն ու անցորդները:

«Սկզբում դա ինձ մոտ ուժեղ սթրես առաջացրեց՝ հսկայական դեմք է երեւում ջրից: Հիմա, երբ նայում եմ նրան, շատ եմ տխրում: Այս աղջիկն անհանգստացած տեսք չունի, նա կարծես պատրաստ է խեղդվելու»,- ասել է տեղի բնակիչ Տրիանա Գիլը:

Օրոսկոյի համար սա առաջին նման աշխատանքը չէ: Անցյալ տարի նա ներկայացրել էր միայնակ կնոջ քանդակը, որը նվիրել էր տարեց մարդկանց մեկուսացմանը։