110 տարի ապրելուց հետո այս կամ այն պատճառով մահվան վտանգը դադարում է աճել: Այսպիսով, ըստ Շվեյցարիայի եւ Շվեդիայի հետազոտողների, որոնց հոդվածը հրապարակվել է Royal Society Open Science ամսագրում, որոշակի պայմաններում մարդը կարող է հավիտյան ապրել, գրում է Lenta.ru-ն:

Մարդկային կյանքի տեւողության սահմանի հարցը, որը կարեւոր է ժողովրդագրական եւ տնտեսական տեսանկյունից, ակտիվ քննարկում է առաջացնում գիտական համայնքում: Լոզանում Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի եւ Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները վերլուծել են 13 երկրներից ավելի քան 1100 երկարակյացների տվյալները, որոնք ստացել են կյանքի տեւողության միջազգային շտեմարանից, ինչպես նաեւ լրացուցիչ տեղեկատվություն իտալացի եւ ֆրանսիացի երկարակյացների մասին:

Արդյունքում պարզվել է, որ մահվան ռիսկերը մեծանում են մինչեւ 108-110 տարեկան, որից հետո դրանք կանգ են առնում եւ կազմում են մոտ 50 տոկոս: «110 տարի անց կարելի է մտածել, որ եւս մեկ տարի ապրելը «գիր ու ղուշի» պես մի բան է»,- ասում է նոր հետազոտության առաջատար հեղինակ Էնթոնի Դեւիսոնը:

Ըստ հետազոտողների, բժշկության զարգացման համապատասխան մակարդակի դեպքում մարդն արդեն 21-րդ դարում կկարողանա ապրել մինչեւ 130 տարի: Սակայն այսպիսի հնարավորություն, նշում է Դեւիսոնը, միլիոնից մեկը կունենա: Ընդ որում, այս տարիքը սահման չէ, ընդգծում են գիտնականները, ստացված արդյունքների էքստրապոլացիան նշանակում է, որ մարդու կյանքի տեւողությունը սահմանափակ չէ: