Հայտնի է դարձել նախկին «Երիտասարդական պալատի» տեղում նոր հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով կազմակերպած մրցույթի հաղթողը: Դա ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արային է (Arai Architects):

Նրա ներկայացրած նախագիծն իր մեջ ներառում է «ԻնտերԿոնտինենտալ–Հայաստան» հյուրանոցային համալիր, միջազգային գործարար կենտրոն, բնակարանային համալիր։ Ճապոնացի ճարտարապետը մանրամասն ուսումնասիրել է հայկական ճարտարապետությունը, այցելել Հայաստան։

Ըստ նախագծի, շենքերի պատուհանների 95 տոկոսը նայում են Արարատին։ Բացի դրանից, Արարատի երկու գագաթները ճարտարապետը նույնպես օգտագործել է իր նախագծում։ Գագաթներից մեկը՝ բարձրահարկ հյուրանոցն է, իսկ երկրորդը՝ բնակարային համալիրը։ Համալիրն ամբողջությամբ բացվում է այցելուների համար Տերյան փողոցից։ Երեք հիմնական շենքերը միանում են հրապարակով։ Նույն տեղանքում նախատեսվում է նաեւ երկու հազար ավտոմեքենայի կայանատեղի։ Հարկ է նշել, որ շինարարության մեջ Արային նախատեսում է օգտագործել հայկական քարերը՝ համալրելով մետաղյա կառույցներով եւ օգտագործելով նոր, ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներ:

Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետական խորհրդի համաձայնությունը ստանալուց հետո կսկսվի համալիրի կառուցումը, որը կտեւի մոտ 3–4 տարի։ Ներդրումային ծրագիրը կազմում է 200 մլն ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ 2009թ. «Երիտասարդական պալատի» տեղում նոր հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով հայտարարվել էր միջազգային մրցույթ, որի առաջին փուլն ավարտվել էր այս տարվա հունվարին։ 274 աշխատանքներից առավելագույն միավորներ էին ստացել 6 ճարտարապետական լուծումներ։ Եզրափակիչ փուլին մասնակցել է միայն 4 աշխատանք։