Դատաբժշկական փորձաքննությամբ ապացուցվում է, որ Համլետ Ստեփանյանը հանկարծամահ է եղել սրտի կաթվածից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Դատաբժշկական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանը՝ անդրադառնալով հանկարծամահ եղած «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտյալ Համլետ Ստեփանյանի գործին։ Շ. Վարդանյանը հավաստիացրեց, որ փորձաքննությունը դեռեւս չի ավարտվել, ավարտվելուն պես դրա արդյունքները կներկայացվեն իրավապահներին։ (Դիակի փորձաքննությունը նշանակել է ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժինը)։ Նման փորձաքննությունները սովորաբար տեւում են մեկ ամիս։ Փորձագիտական խմբում, Շ. Վարդանյանի հավաստմամբ, ներգրավված են տեղի մասնագետները։ Հարցին՝ կարիք կա՞ փորձաքննություն իրականացվող խմբում ներգրավել արտասահմանցի մասնագետների, Դատաբժշկական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի տնօրենն արձագանքել է, թե իրենց կենտրոնի մասնագետները շատ լավն են ու մեծ համբավ ունեն արտասահմանում։ Այնպես որ՝ արտասահմանից փորձագետ հրավիրելու կարիք չկա։
Հիշեցնենք, որ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման եւ պահվում էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նա մայիսի 15-ին, ժամը 19։00-ին իր անկողնում հանկարծամահ էր եղել։



























