2009 թվականի պետական բյուջեով 1,5 մլրդ դրամ է հատկացվել բնապահպանության նախարարությանը, եւ այդ միջոցներով իրականացվել է 35 ծրագիր, եւս 2 ծրագիր իրականացվել է դոնոր-վարկային միջոցների հաշվին։

Ոլորտի բյուջեն ընդհանուր առմամբ կատարվել է 107 տոկոսով՝ եւ դարձյալ դոնոր-վարկային միջոցներով։ Իսկ առանց այդ միջոցները ներառելու, ոլորտի բյուջեն կատարվել է 93,5 տոկոսով։ Բյուջետային միջոցներից 37 միլիոնը ծախսվել է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի անձնական կարիքները հոգալու համար։ Այս մասին նա անձամաբ է խոստովանել խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։ Եւս 700 մլն դրամ ծախսվել է նախարարության աշխատակազմի կարիքների համար։ Եւ միայն 176 մլն դրամ է հատկացվել օդի ախտոտվածության դեմ պայքարին։ Շրջակա միջավայրի պահպանության վրա ծախսվել է 811 մլն դրամ։ Այդ միջոցները հիմնականում ծախսվել են ազգային պարկերի եւ արգելոցների պահպանման վրա։ Նախարարը գոհունակությամբ նշեց, որ հաշվետու տարում բացվել է երկու ազգային պարկ՝ «Արեվիկ»-ն ու «Արփի լիճ»-ը։ Աշխատանքներ են տարվում Հայաստանի բույսերի ու կենդանիների (եթե իհարկե այդպիսիք մնացել են-խմբ.) Կարմիր գրքի ուղղությամբ։ Բնապահպանական միջոցառումների վրա ծախսվել է 271 մլն դրամ։

Նախարարությունը մեծ գումարներ է հատկացրել ռադիոակտիվ նյութերի չեզոքացմանը։ Արամ Հարությունյանը դժվարացավ պատասխանել պատգամավորների մեկ այլ հարցի եւս՝ ինչո՞ւ անտառատնկման ծրագրված աշխատանքների փոխարեն, ըստ որոնց պետք է տնկվեին կանգուն ու բարձրահասակ ծառեր, թփեր են տնկվել։ Փոխարենը նախարարը գոհունակությամբ նշեց, որ 67 տոկոսով բարձրացել է Սեւանա լճի մակարդակը։ «Բայցեւայնպես, սա նշանակում է, որ մենք պետք է պարբերական բնույթ տանք լճի մաքրման աշխատանքներին։ Դեռեւս 3000 հետկար տարածք պետք է մաքրվի»,-հայտարարել է Հարությունյանը։ Սեւանի մաքրմանը 2009 թվականին հատկացվել է 260 մլն դրամ։ Արամ Հարությունյանը հայտարարել է, որ ներկայումս ծրագիր է մշակվում՝ էկոլոգիապես մաքուր ապրանք արտադրելու ուղղությամբ, որը կարտադրվի եւ կսպառվի տեղում։ Էկոլոգիապես մաքուր արտադրանքի վաճառք իրականացնող մի խանութ էլ կբացվի Երեւանում։