Վրաստանի Անկախության օրվա առիթով մայիսի 26-ին Թբիլիսիում՝ Ռուսթավելու պողոտայում կայանալու է ռազմական շքերթ: ԻՆչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այդ մասին մայիսի 25-ին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
«Վաղվա օրվա տրամադրությունը տոնական է, թեեւ ես հրաշալի գիտակցում եմ, որ գրավված է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, ընդ որում, լավագույն տարածքները: Ես հասկանում եմ, որ այսօր ոչ բոլոր մեր հայրենակիցներն են բավարար ապրում, բայց մենք հասել ենք գլխավորին, պահպանել ենք մեր պետականությունը»"- ասել է Սահակաշվիլին:
Ինչպես նշում են Վրաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները, ռազմական շքերթին մասնակցելու են ավելի քան 4 հազար զինծառայողներ, 120 միավոր զրահատեխնիկա, 12 ուղղաթիռ եւ 6 ինքնաթիռ:
Բացի այդ, Թբիլիսիի քաղաքապետարանը չորեքշաբթի մի շարք տոնական եւ մարզական միջոցառումներ է անցկացնելու: Տոնը կավարտվի Քուռի ափին կայանալիք մեծ համերգով, որին կմասնակցի նաեւ «Boney M» խումբը:




























