NEWS.am-ը զրուցել է կ.գ.թ. Արսեն Գասպարյանի հետ, ով ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի քարաքոսերի հետազոտման և պահպանության նորաստեղծ գիտական խմբի ղեկավարն է։
Ինչպե՞ս է ստեղծվել ձեր գիտական թիմը և ինչո՞վ է այն զբաղվում
Մեր գիտական խումբը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդման աջակցության գիտական թեմայի շրջանակներում։
Ծրագրի շրջանակներում լաբորատոր ու հերբարիումային տարածքներն են վերանորոգվել, խումբը համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով դաշտային և լաբորատոր հետազոտությունների համար, այդ թվում՝ ստերեոսկոպիկ և բարդ մանրադիտակներ, սառնարան, սառցարան, համակարգիչ, տեսախցիկ և այլն:
ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կազմում ստեղծված քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խումբը իրականացնում է քարաքոսերի և սնկերի դաշտային հավաք, նույնականացում կենսաբազմազանության հետազոտման նպատակով, պահեստավորում է նմուշները հերբարիումում, իրականացնում ԴՆԹ շտրիխ կոդավորում և մոլեկուլային ֆիլոգենետիկ հետազոտություններ և այլն։
Ի՞նչ է քարաքոսը
Քարաքոսի մարմինը (թալոմ) կազմված է սնկից (միկոբիոնտ) և ջրիմուռից (ֆիկոբիոնտ) և/կամ ցիանոբակտերիայից: Այս օրգանիզմը համակեցության կամ ըստ մի շարք գիտնականների սնկային բաղադրիչի կողմից մակաբուծության հետաքրքիր և նույնիսկ առեղծվածային օրինակ է:
Ըստ տարբեր հետազոտությունների հաշվարկված է, որ Երկրի վրա կա քարաքոսի շուրջ 20,000 - 30,000 տեսակ:
Քարաքոսերը հանդիպում են գրեթե ամենուր՝ հողի մակերեսների վրա, ծառերի ճյուղերի և կոճղերի, ժայռերի և քարերի վրա, մարդածին իրերի և այլն: Քարաքոսերը հարմարվել են ապրել նույնիսկ ծայրահեղ անբարենպաստ պայմաններում՝ Անտարկտիդայի ամենացուրտ հատվածներում, անապատներում, խոնավ արեւադարձային անտառներում և լեռնային գոտիներում:
Ի՞նչ գիտենք մենք Հայաստանի քարաքոսերի մասին
Հայաստանի քարաքոսերի վերաբերյալ առաջին տեղեկությունները վերագրվում են 19-րդ դարին: Մեր երկրի քարաքոսերի բազմազանության հետազոտման գործում մեծ ներդրումն են ունեցել ավստրիացի գիտնական պրոֆեսոր Հելմութ Մայրհոֆերը և Շահանե Հարությունյանը: 2011թ. նրանց կողմից հրատարակվել և ներկայացվել է Հայաստանի քարաքոսերի առաջին կատալոգը, ըստ որի Հայաստանում տարածված էր քարաքոսերի 422 տեսակ: 2011թ.-ից սկսած Հայաստանի քարաքոսերի վերաբերյալ հետազոտությունները շարունակում է քարաքոսաբան Արսեն Գասպարյանը՝ Բեռլինի բուսաբանական այգու և թանգարանի գիտաշխատող դոկտոր Հարի Սիպմանի հետ համատեղ (Գերմանիա): Այդ համագործակցության շրջանակներում 2011-2017 թթ. իրականացվել է Հայաստանի քարաքոսերի բազմազանության և պահպանության վերաբերյալ համապարփակ հետազոտություններ: Արդյունքում գրախոսվող միջազգային պարբերականներում հրատարկվել են մի շարք գիտական աշխատանքներ, Հայաստանի քարաքոսերի մասին մեր տեղեկությունները հարստացել են ավելի քան 200 տեսակով և գիտության համար 4 նոր տեսակով: Ներկայումս Հայաստանի քարաքոսերի բիոտան ներկայացված է 617 տեսակով:
Ի՞նչ նպատակով են օգտագործում քարաքոսերը
Քարաքոսերը շրջակա միջավայրի վիճակի՝ մաքրության կամ աղտոտվածության ցուցիչ են, որտեղ կա քարաքոսերի մեծ բազմազանություն, այնտեղ օդը մաքուր է, նրանք խոցելի են միջավայրի պայմանների փոփոխությունների նկատմամբ, ուստի հարմար գործիք են գիտնականների համար օդի աղտոտվածությունը, կլիմայի փոփոխության, անտառների կենսունակության հետազոտման համար: ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համագործակցությամբ արդեն իսկ նախաձեռնել ենք քարաքոսերի, որպես ինդիկատոր օգտագործելու հետազոտություններ: ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի հետ համագործակցությամբ հետազոտվում են քարաքոսերում առկա երկրորդային մետաբոլիտների մանրէասպան, հակաօքսիդանտային և այլ ազդեցությունները: Բացի այդ քարաքոսերը օգտագործում են նաև ներկերի և օծանելիքների ստացման համար, ինչպես նաև՝ ավանդական բժշկության մեջ։
Ի՞նչ կարող եք պատմել Ձեր նորաստեղծ Fungimate ստարտափի մասին
Մենք կարևորում ենք նաև գիտական մտքի և գիտելիքի կիրառական օգտագործումը: Մեր գիտական խմբի հենքի վրա վերջերս ձևավորել ենք Fungimate ստարտափը, որը միտված է լինելու զարգացնել սնկերի աճեցման ու կիրառական օգտագործման հնարավորությունները Հայաստանում: Մասնավորապես մեր կողմից հետազոտվում են Հայաստանյան շուկայի համար նորամուծություն հանդիսացող սնկատեսակներ, նախագծվում և փորձարկվում են տարատեսակ սնկերի տնային պայմաններում աճեցման փոքրածավալ փաթեթներ, սնկերից կենսաքայքայվող փաթեթավորման այլընտրանքներ և այլն: Ներկայումս, ստարտափը մասնակցում է Agritech ագրոտեխնոլոգիական ինկուբատորի 4-րդ շրջափուլին:
Որտե՞ղ կարելի է գտնել հետաքրքիր գիտական և գիտահանրամատչելի նյութեր քարաքոսերի մասին
Կարող եք այցելել մեր վեբկայք՝ www.lichens.am, որտեղ կգտնեք օգտակար տեղեկատվություն Հայաստանում հանդիպող քարաքոսերի, մեր կատարած գիտական հետազոտությունների, տպագրված աշխատանքների և այլ կրթական նյութեր, ինչպես նաև կարող եք միանալ մեր ֆեսբուքյան էջին՝ Lichens and Fungi of Armenia, որտեղ նույնպես կիսվում ենք հետաքրքիր նյութերով։

.jpg)




























