Միացյալ Նահանգները գրանցել են սպանությունների ամենաբարձր աճը երկրի ժամանակակից պատմության մեջ՝ 30 տոկոսով 2019-2020 թվականների ընթացքում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների բժշկական վիճակագրության ազգային կենտրոնի կողմից չորեքշաբթի հրապարակված նախնական տվյալները:
«Սա ամենազգալի աճն է [վերջին] 100 տարվա ընթացքում»,- հեռուստաալիքին ասել է Ազգային կենտրոնի մահացության վիճակագրության բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախորդ հարյուրամյակի ռեկորդային բարձր աճը` 20 տոկոս, գրանցվել էր 2000-2001 թվականներին ընկած ժամանակահատվածում եւ պայմանավորված էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին երկրում կատարված լայնածավալ ահաբեկչական հարձակումներից: Անդերսոնը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգներում նման վիճակագրության պահպանման ողջ ընթացքում սպանությունների թվի այսպիսի բարձր աճ գրանցվել էր միայն 1904-ից 1905 թվականներին, ինչը, հավանաբար, կապված էր համապատասխան տեղեկատվության հավաքագրման եւ հաշվետվությունների կազմման բարելավման հետ:
Ազգային կենտրոնի տրամադրած նախնական տվյալների համաձայն՝ երկրի 100 հազար բնակչի հաշվով սպանությունների թիվը 2019-ի գրեթե 6.0-ից հասել է 7.8-ի 2020 թվականին, ամենաբարձր ցուցանիշն է 1995 թվականից ի վեր, սակայն, ինչպես նշվում է ՀՎԿԿ վիճակագրական կենտրոնում, այն զգալիորեն զիջում է 1980-ականների սկզբի ցուցանիշին, երբ ԱՄՆ-ն արձանագրեց 10 սպանություն յուրաքանչյուր 100 հազարի հաշվով: Նոր տվյալները, ըստ Անդերսոնի, «անկասկած տագնապալի են»: «Ակնհայտ է, որ մենք սխալ ուղղությամբ ենք շարժվում»,- ասել է նա:
Բժշկական վիճակագրության ազգային կենտրոնի նախնական զեկույցը, հաղորդում է CNN-ը, չի ներառում նշված ընթացքում երկրում կատարված սպանությունների ընդհանուր թիվը: Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տվյալների համաձայն` անցյալ տարի ԱՄՆ-ում գրանցվել է մոտ 21.570 նման հանցագործություն` նախորդ տարի գրանցված 16 425-ի փոխարեն:
Սպանությունների թվի նվազում, նշել է Անդերսոնը, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է երկրի ընդամենը երեք նահանգում՝ Մենում, Նյու Մեքսիկոյում եւ Ալյասկայում:
ԱՄՆ-ում սպանությունների մակարդակի բարձրացումն ահազանգ է «ազգի առողջական վիճակի» համար»,- ասել է Ամերիկայի հանրային առողջության ասոցիացիայի գործադիր տնօրեն դոկտոր Ջորջ Բենջամինը: Նրա խոսքով` այս միտումը չափազանց մտահոգիչ է, բայց զարմանալի չէ` հաշվի առնելով երկրում բռնության, ատելության, լարվածության եւ քաղաքական պառակտումների համատարած աճը:



























