Օտարալեզու դպրոցների վերաբացման գաղափարի հեղինակը անձնապես ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն է, եւ ոչ թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտարարել է նախարարը՝ այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Այդ գաղափարի հեղինակը ես եմ, առաջարկը ներկայացրել եմ վարչապետին, քննարկումների արդյունքում մեր նախարարության կողմից տրամադրվել են հստակ ու համոզիչ հիմնավորումներ, օրենսդրական փաթեթը մշակել է մեր նախարարությունը, կառավարություն ներկայացրել եմ ես, ողջ կառավարությունը հավանության է արժանացրել օրենսդրական փաթեթը»,-հայտարարել է Աշոտյանը։
Նա նաեւ շեշտել է, թե հանրապետության նախագահը օրինաստեղծ գործունեության վրա այս փուլում ազդեցություն ունենալ չի կարող։ Իսկ երբ օրենքն ընդունվի ԱԺ-ի կողմից եւ ներկայացվի Սերժ Սարգսյանին, այդ ժամանակ նա կարող է իր վերաբերմունքն արտահայտել ընդունված օրենքի վերաբերյալ՝ վավերացնելով կամ չվավերացնելով այն։ NEWS.аm-ը փորձել է Աշոտյանից ճշտել, թե ինչ դիրքորոշում ունի օրենսդրական նախաձեռնության նկատմամբ նախագահ Սերժ Սարգսյանը, արդյո՞ք այս ընթացքում նախարարը հանդիպել է նրան ու քննարկել օրենքի նախագիծը։ Արմեն Աշոտյանն արձագանքել է՝ «հրաշալի հարցադրում էր» եւ առաջարկել հարցի պատասխանն ստանալ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանից՝ «մոռանալով» որ, եթե նման քննարկում տեղի է ունեցել, ապա կողմերից մեկն էլ ինքն է եղել։
Ի դեպ, Արմեն Աշոտյանը ասուլիսի ընթացքում, իր դիտարկմամբ՝ կարեւոր բացահայտում է արել։ Նա ասել է, թե օտարալեզու դպրոցների վերաբացման շուրջ ծավալված հանրային բուռն քննարկման հրահրիչն ինքն է։
Կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո՝ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ոչ մի արձագանք չի հնչել լրագրողական դաշտի կողմից, Արմեն Աշոտյանն էլ զարմացած այս հանգամանքից՝ զանգահարել է «Հայելի» ակումբի վարող Անժելա Թովմասյանին եւ «Առավոտ» թերթի լրագրող Աննա Իսրայելյանին՝ առաջարկելով մամուլի միջոցով քննարկում սկսել նախաձեռնության շուրջ։ Կրթության եւ գիտության նախարարը միաժամանակ նորմալ է համարել քննադատության այն ծավալն ու բովանդակությունը, որը հնչել եւ հնչում է օտարալեզու դպրոցների վերաբացմանը նվիրված քննարկումների ընթացքում։



























