«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որն ընդունվել է 1993 թվականին, մինչ օրս ինձ քննադատողներից որեւէ մեկը կարդացե՞լ է, քանի՞ հոգի է տեսել, որ 2005 թվականից հետո այդ օրենքում Սահմանադրությանը համապատասխանեցնելու խնդիրներ կան։ Քանի՞ հոգի է մեզ քննադատողներից կարդացել այդ օրենքը վերջին 17 տարիների ընթացքում եւ տեսել, որ այնտեղ կրթական բառապաշարից բառեր կան, որոնք չենք օգտագործվում այլեւս օրենքներում։ 17 տարի ոչ ոք այդ օրենքը չի կարդացել",- այսօր՝ մայիսի 26-ին հրավիրված ասուլիսում այսպիսի հարցադրումներ է բարձրացրել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ դիմելով բոլոր նրանց, ովքեր քննադատում են օտարալեզու դպրոցները վերաբացելու կառավարության նախաձեռնությունը։ Նախարարը տարօրինակ է համարել, որ անցած 17 տարիների ընթացքում ո՜չ պատգամավորների, ո՜չ էլ հասարակական հատվածի կողմից օրենքում համապատասխան փոփոխություներ կատարելու մասին առաջարկ չի արել։ «Թույլ տվեք ասել, որ այս քննարկումների դրական կողմերից մեկն էլ այն է, որ մեր հասարկությունը վերընթերցեց օրենքը»,- ասել է նախարարը՝ անդրադառնալով օտարալեզու դպրոցների վերաբացման խնդրին։

Երբ նրան խնդրել են թվել այն երկրները, որտեղ գործում են օտարալեզու դպրոցներ, եւ արդյո՞ ք այդ երկրները միատարր են, թե բազմազգ, նախարարը բերել է մասնավորապես՝ Սինգապուրի, Սաուդյան Արաբիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի օրինակը։ 20-ից ավելի օտարալեզու դպրոց է գործում Վրաստանում, 100-ից ավելի՝ Ռուսաստանում, օտարալեզու դպրոցներ են գործում նաեւ Ադրբեջանում, Թուրքիայում՝ նշել է նախարարը։ Իսկ Իրանում թեեւ գործում են օտարալեզու դպրոցներ, սակայն պետությունն արգելում է Իրանի քաղաքացիներին այցելել այդ դպրոցները։ Դրանք դիվանագետների երեխաների համար նախատեսված կրթական հաստատություններ են։