Da Afghanistan Breshna Sherkat (DABS) Աֆղանական էներգետիկ կորպորացիան նախատեսում է վաճառել տապալված կառավարության պաշտոնյաների սեփականությունը` հարեւան արտահանող երկրների հետ էլեկտրաէներգիայի պարտքերը մարելու համար: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ընկերության` թալիբների կողմից նշանակված գործադիր տնօրենի պաշտոնակատար Սաֆիուլլահ Ահմադզայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ընթացակարգի ավարտից եւ ժամանակավոր կառավարության հաստատումից հետո ընկերությունը կսկսի վաճառել Աֆղանստանը լքած պարտապանների եւ պաշտոնյաների գույքը»,- նրա խոսքերը մեջբերում է տեղական TOLO News հեռուստաալիքը:

Մինչդեռ, ինչպես շեշտել է DABS-ի նախկին տնօրեն Ամանուլլահ Հալիբը, առաջարկվող միջոցը կարող է առկա խնդիրը լուծել միայն կարճաժամկետ հեռանկարում: «Գումար կհավաքվի լավագույն դեպքում էլեկտրաէներգիայի դիմաց պարտքը մասամբ մարելու համար: Բայց ի վերջո դա չի լուծի կորպորացիայի առջեւ ծառացած խնդիրները»,- ասել է նա:

Երկուշաբթի DABS-ում հայտնել էին, որ էլեկտրաէներգիայի դիմաց Ուզբեկստանին, Տաջիկստանին, Թուրքմենստանին եւ Իրանին Աֆղանստանի պարտքն արդեն հասել է մոտ 62 մլն դոլարի: Ընդ որում, կորպորացիայում նշել են, որ նախորդ կառավարության տապալումից հետո եկամուտների հավաքումն էլեկտրաէներգիայի ոլորտում նվազել է 70 տոկոսով: Այս կապակցությամբ ընկերությունը դիմել է Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությանը` խնդրելով օգնել պարտքի մարման հարցում:

Մինչդեռ, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը եւ նրա թուրքմեն գործընկեր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երեքշաբթի հայտարարել էին, որ երկու երկրները կշարունակեն օգնություն տրամադրել Աֆղանստանին, այդ թվում` էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում: Նույն օրը Տաջիկստանի «Բարկի Տոչիկ» պետական ​​էներգետիկ ընկերության մամուլի քարտուղար Նոզիր Յոդգորին շեշտել է, որ Դուշանբեն չի դադարեցնի Աֆղանստան էլեկտրաէներգիայի մատակարարումը  ձմռանը՝ չնայած աֆղանական կողմի պարտքին: