Գազի գներն առաջին անգամ 2014 թվականից հետո գերազանցել են նավթի գները։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Argus միջազգային գնային գործակալության հաշվետվությանը։
Նշվում է, որ պատմության մեջ գազը դեռեւս երբեք նավթի գնից ավելի բարձր արժեքն այնքան երկար չի պահել, որքան ընթացիկ տարում՝ 62 աճուրդային օր։ Յոթ տարի առաջ նման իրավիճակը տեւել էր 37 օր Հյուսիսարեւելյան Ասիայում։
Գազի գինը Եվրոպայում, որը ձեւավորվում է Նիդեռլանդների TTF հաբում, հուլիսի սկզբին գերազանցել էր նավթի պարիտետը առաջին անգամ 10 տարվա ընթացքում, ասվում է հաշվետվությունում։ Argus-ի փորձագետները կարծում են, որ այս իրավիճակում ջերմա- եւ էլեկտրագեներացիայի ձեռնարկությունները գազից կնախընտրեն ածուխը եւ մազութը՝ չնայած այդ ռեսուրսները մերժում են շատ երկրների կառավարություններ՝ էկոլոգիական օրակարգից ելնելով։
Ասիայում նավթի գեներացիայի ամենապատկառելի հզորություններն ունի Ճապոնիան՝ մոտ 31,6 ԳՎտ։ Եվրոպան ունի մոտ 15,9 ՄՎտ մազութի գեներացիա, որի մեծ մասը կենտրոնացած է Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում եւ Թուրքիայում։ Իտալիան ունի Եվրոպայում մազութային գեներացիայի մոտ 10 տոկոսը, բայց այն օգտագործում է որպես պահուստային, գազի մատակարարումների խափանման դեպքերում։
Ավելի վաղ նավթի համաշխարհային շուկայի գծով մասնագետ Մամդուհ Հասան Սալաման հայտարարել էր, որ սխալներից մեկը, որը հանգեցրել է Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի, «Հյուսիսային հոսք – 2» գազատարի շինարարության գործընթացը քաղաքականացնելն էր, իսկ Ռուսաստանին փորձում են մեղադրել այն բանում, որ հենց նրա պատճառով է առաջացել էներգաճգնաժամը Եվրոպայում։




























