RAC բրիտանական ընկերությունը կանխատեսել է, որ բենզինի գները Մեծ Բրիտանիայում կարող են հերթական անգամ ռեկորդ սահմանել Ծննդյան տոներից առաջ, տեղեկացնում է Guardian-ը։ Սպասվում է, որ բենզինի արժեքը կթանկանա՝ հասնելով 2012թ. ապրիլի առավելագույնին՝ 142,48 փենս (1,93 դոլար)։
RAC տվյալներով՝ ամբողջ բաքի միջին գինը սեպտեմբերին ավելացել է 12 ֆունտով (16,29 դոլար)՝ 2020թ. համեմատ։ RAC-ի կարծիքով՝ գների բարձրացումը կապված չէր բրիտանական լցակայաններում վառելիքի անբավարարության հետ։ Ընկերությունը պատճառը կապում է նավթի արժեքի բարձրացման հետ, որը սեպտեմբերին ավելացել է 10 տոկոսով՝ մեկ բարելը 80 դոլար։ Goldman Sachs բանկը կանխատեսում է գնի հետագա բարձրացում՝ մինչեւ 90 դոլար։
Բենզինի մանրածախ առեւտրի ասոցիացիան (PRA) հոկտեմբերի 5-ին տեղեկացրել էր, որ Լոնդոնի եւ Անգլիայի հարավ-արեւելքի (շրջաններ, որոնք ամենից շատ են տուժել ճգնաժամից) լցակայանների մոտ 64 տոկոսը ունի թե՛ բենզին, թե՛ դիզելային վառելիք։ Ավելի վաղ այդ ցուցանիշը 62 տոկոս էր։ Բոլորովին վառելիք չուներ լցակայանների 15 տոկոսը՝ հոկտեմբերի 4-ի 20 տոկոսի համեմատ։ Սակայն PRA գործադիր տնօրեն Գորդոն Բալմերը նշել է, որ տուժած շրջանները դեռեւս հետ են մնում երկրի մնացած մասից՝ չնայած կառավարությունը բանակը ներգրավել է վառելիքի անբավարարության դեմ պայքարում։
Ճգնաժամի ֆոնին Մեծ Բրիտանիայի իշխանությունները կոչ են արել բուժաշխատողներին եւ ուսուցիչներին տրամադրել բենզին ստանալու առաջնահերթություն, քանի որ բրիտանացիներն ամբողջ երկրում շարունակում են խուճապահար գնել այն՝ խորացնելով դեֆիցիտը։




























