Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը անչափահասի բռնաբարության մեջ մեղադրվող բրազիլացու մոտ հայտնաբերել է նացիստական ​​իրերի հավաքածու եւ մոտ 3 միլիոն եվրո արժողությամբ զենք:

58-ամյա կասկածյալի տանը հայտնաբերվել է ավելի քան 1000 իր՝ ներառյալ նացիստական ​​համազգեստ, պարբերականներ, նկարներ, նացիստական ​​տարբերանշաններ, Ադոլֆ Հիտլերի պատկերներ, դրոշներ եւ Երրորդ ռեյխի մեդալներ: Հայտնաբերվել են նաեւ այդ ժամանակաշրջանի զենքեր եւ զինամթերք:

Այս ամենը բացահայտվել է, երբ ոստիկանները փորձել են ձերբակալել տղամարդուն՝ անչափահասի բռնաբարության եւ այլ երեխաներին բռնության ենթարկելու մեջ կասկածանքով: Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ ապօրինի զենք պահելու եւ ռասայական խտրականության համար:

«Նա խելացի եւ պերճախոս է, սակայն ժխտում է Հոլոքոստը, հոմոֆոբ է եւ մանկապիղծ, սակայն ասում է, որ «որսում է» միասեռականներին», - Reuters-ին ասել է գործով գլխավոր հետախույզ Լուի Արմոնդը: «Ես բժիշկ չեմ, սակայն նա ինձ խելագար է թվում»:

Նրա խոսքով՝ կասկածյալը ներդրողների հարուստ ընտանիքից է եւ հավանաբար հավաքածուն ստեղծելու համար օգտագործել է իր ժառանգությունը: Արմոնդի գնահատմամբ՝ նացիստական ​​բարձրաստիճան համազգեստի արժեքը մոտ 250.000 եվրո է:

Ոստիկանությունը հետաքննում է կասկածյալի կապերը նացիստական ​​եւ ծայրահեղ աջ խմբերի հետ եւ փորձում պարզել, թե արդյո՞ք նա ակտիվորեն զբաղվել է նման իրերի առեւտրով: