«Հաջորդ տարի՝ 2011 թվականին դպրոցն ավարտած շրջանավարտներ չեն լինելու»,- այսօր հրավիրված ասուլիսում հիշեցրել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ շարունակելով. «Հատուկ մոլորվածներին ցանկանում եմ ասել, որ թռիչքներն արգելված են»: Արմեն Աշոտյանը հայտնել է, որ նախարարությունը բացահայտել է, որ շուրջ 3300 աշակերտների գործեր բացակայում են դպրոցներից: «Այսինքն`գործը վերցրել են դպրոցներից եւ այլ դպրոց չեն տարել: Շուրջ 100 դեպք է բացահայտվել, երբ վերջին պահին աշակերտին փորձել են մի տարի „թռցնել“: Բացահայտված աշակերտների անունները հանել ենք Գիտելիքների եւ թեսթավորման կենտրոնի ցուցակներից:

Նույնը սպասվում է նաեւ մյուսների դեպքում, որոնց անունները հայտնի կդառնան ընդունելության քննությունների լրացուցիչ փուլի ժամանակ»,- վստահեցրել է նախարարը: Արմեն Աշոտյանը նշել է նաեւ, որ եկող տարի 11-րդ դասարանի աշակերտների համար էքստերն քննություններ չեն թույլատրվելու: «Այսինքն այս տարվա 10-րդ դասարանցիները փոխադրվում են 11-րդ դասարան, եւ նրանք չեն ավարտելու դպրոցը` շրջանցելով 12-րդ դասարանը»,- հայտարարել է ԿԳ նախարարը։ Նա խնդրել է լրատվամիջոցներին՝ հատուկ տարածել այս տեղեկությունը. «Քաղաքում շրջում են մարդիկ, ովքեր փորձում են այլընտրանքային մեթոդներով մոլորեցնել ծնողներին, առաջարկելով ինչ-ինչ բաների դիմաց նրանց երեխային թռցնել 11-րդ դասարան։ Խնդրում եմ ծնողներին, մի՜ հավատացեք։ Մի տարի էլ միասին դիմադրենք, եւ կարող ենք ասել, որ 2012 թվականին կունենանք կայացած 12-ամյա կրթական համակարգ»,- խորհուրդ է տվել Աշոտյանը։