ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կենսաբանական գործունեությունը Միացյալ Նահանգներից դուրս գտնվող ավելի քան 200 լաբորատորիաներում լուրջ վտանգներ է ներկայացնում Ռուսաստանի եւ Չինաստանի անվտանգության համար, ասվում է Մոսկվայի եւ Պեկինի համատեղ հայտարարության մեջ, որը կարդացել է ՄԱԿ-ում ՉԺՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը:

Հայտարարությունն ընթերցվել է ՄԱԿ ԳԱ զինաթափման հարցերով զբաղվող առաջին կոմիտեի նիստում: Ինչպես պարզաբանել է դիվանագետը, հայտարարությունը վերաբերում է կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի ամրապնդմանը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանը եւ Չինաստանը նշում են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ռազմակենսաբանական գործունեությունը իրենց տարածքից դուրս: Ավելի քան 200 ամերիկյան կենսալաբորատորիաներ գտնվում են ԱՄՆ-ից դուրս եւ գործում են ոչ թափանցիկ եղանակով եւ լուրջ մտահոգություններ են առաջացնում միջազգային հանրության մոտ այն մասին, թե արդյո՞ք նման գործունեությունը համահունչ է Կենսաբանական զենքի մասին կոնվենցիային», - ասվում է չինացի դիվանագետի հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Չինաստանը «կիսում են այն կարծիքը, որ նման գործունեությունը լուրջ վտանգներ է ներկայացնում Ռուսաստանի եւ Չինաստանի ազգային անվտանգության համար եւ կործանիչ է տվյալ տարածաշրջանների անվտանգության համար»:

Պեկինն ու Մոսկվան նաեւ նշում են, որ ԱՄՆ-ի կենսաբանական գործունեությունը իր տարածքում եւս լուրջ հարցեր է առաջացնում դրա՝ Կենսաբանական զենքի մասին կոնվենցիային համապատասխանության վերաբերյալ, քանի որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները չեն տալիս էական տեղեկատվություն այս ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ:

«ՌԴ-ն եւ ՉԺՀ-ն կոչ են անում ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին գործել բաց, թափանցիկ եւ պատասխանատու կերպով՝ պատշաճ կերպով տեղեկացնելով արտերկրում իրենց ռազմակենսաբանական գործունեության մասին», - ասել է դիվանագետը: