Դաշնային դատավորը Տեխասի բնակչին 15 ամսվա ազատազրկման է դատապարտել անցյալ տարի COVID-19-ի «միստիֆիկացման համար», հաղորդում է Axios-ը:

Քրիստոֆեր Չարլզ Պերեսը Սան Անտոնիո քաղաքի մթերային խանութի վերաբերյալ կեղծ հայտարարություններ է արել 2020 թվականի ապրիլի 5-ին Facebook-ում կատարած գրառման մեջ: «Իմ զարմիկը COVID-19-ով վարակվել եւ վերջին երկու օրվա ընթացքում լիզել է բոլոր (մթերքները), քանի որ մենք նրան վճարել ենք»,- գրել է Պերեսը: «Ձեզ զգուշացրել են»:

Չնայած հաղորդագրությունը 16 րոպե անց հեռացվել է, ինչ-որ մեկն անանուն կերպով Պերեսի խոսքերի սքրինշոթն ուղարկել է իրավապահ մարմինների Southwest Texas Fusion Center ցանցին:

Ավելի ուշ Պերեսը Հետախուզությունների դաշնային բյուրոյին ասել է, որ ինքը փորձել է մարդկանց ահաբեկել, որպեսզի նրանք խուսափեն հասարակական վայրերից, «որպեսզի կանխվի վիրուսի տարածումը»:

Հունիսին նա մեղավոր է ճանաչվել կեղծ տեղեկություններ եւ կենսաբանական զենքի հետ կապված կեղծիքներ տարածելու մեջ:

«Պերեսի գործողությունները միտումնավոր ուղղված են եղել վախի եւ խուճապի տարածմանը, եւ այսօրվա դատավճիռը ցույց է տալիս այս հանցագործության լրջությունը»,- ասել է Սան Անտոնիոյի ՀԴԲ հատուկ գործակալ Քրիստոֆեր Քոմբսը: «Վտանգավոր հիվանդությունների տարածման սպառնալիքով մարդկանց վախեցնելու փորձը կատակ չէ»,- հավելել է ԱՄՆ դատախազ Էշլի Ս. Հոֆը: