Տնտեսական ճգնաժամը գրեթե չի ազդել Հայաստանի՝ 2009 թվականի սոցիալական ոլորտի ֆինանսավորման վրա, Ազգային ժողովում հայտարարել է գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով, 2009-ին նախատեսված 250 մլրդ դրամից ոլորտին տրամադրվել է 243,7 մլրդ դրամ, ինչը 31 մլրդ դրամով ավելի է, քան 2008 թվականին։ Այս միջոցներով իրականացվել է 206 ծրագիր։ 193 մլրդ դրամ հատկացվել է կենսաթոշակներին, որոնք 2008 թվականի համեմատությամբ ավելացել են 3,5 հազար դրամով՝ կազմելով միջինը 24 հազար 600 դրամ։ Ներկայումս Հայաստանում հաշվվում են 520 հազար թոշակառուներ։ 41 մլրդ դրամ տրամադրվել է սոցիալապես անապահով խավի մարդկանց տրվող նպաստներին։
2008 թվականի համեմատությամբ՝ աղքատության նպաստներն ավելացել են 12 տոկոսով եւ կազմել միջինը 23,5 հազար դրամ։ Ներկայումս Հայաստանում հաշվվում է աղքատության նպաստ ստացող 107,4 հազար ընտանիք։ 2009 թվականին գործազրկության նպաստներին ուղղվել է 5,4 մլրդ դրամ։ Ընթացիկ տարում այն կազմել է միջինը 18 հազար դրամ, ինչը 3 հազար դրամով ավելի է, քան 2008 թվականին։ Հանրապետությունում գործազրկության նպաստ ստանում է 22 հազար մարդ։ Գործազուրկների պաշտոնական թիվը, ընդհանուր առմամբ, 84 հազար է։
Հաշվետու տարում 11,2 տոկոսով բարձրացել են նաեւ աշխատավարձերը՝ կազմելով միջինը 102 հազար դրամ։ Չնայած նրան, որ սոցիալական ծախսերի բյուջետային ֆինանսավորումն ավելացել է, աղքատության մակարդակը բարձրացել է 4 տոկոսով։
Ինչպես զեկույցը ներկայացնելիս նշել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը, ընթացիկ տարում իր կողմից ղեկավարվող գերատեսչության ուշադրությունը կենտրոնացվելու է տուն-ինտերնատների եւ մանկատների շրջանավարտներին աշխատանքով ապահովելու եւ բնակարանների հատկացման հարցերի վրա։



























