Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կլիմայի փոփոխությանն ուղղված Եվրամիության գործողություններն է անվանել էներգիայի գների բարձրացման պատճառը եւ ասել է, որ Լեհաստանն ու Հունգարիան այս հարցում միացյալ ճակատով հանդես կգան ԵՄ հաջորդ գագաթնաժողովին, հաղորդում է Reuters-ը:

Էներգիայի գների կտրուկ աճը մեծացրել է լարվածությունը ԵՄ երկրների միջեւ՝ կանաչ գոտու անցնելու նրանց քաղաքականության հետ կապված: Հարուստ անդամ երկրներն ասում են, որ սա ապացուցում է կլիմայի փոփոխության նոր քաղաքականության առաջ մղման անհրաժեշտությունը, սակայն ԵՄ ավելի աղքատ երկրները մտավախություն ունեն, որ դա սպառողական հաշիվների ավելացման կհանգեցնի:

Վերլուծաբանները կարծում են, որ գազի գները Եվրոպայում էլեկտրաէներգիայի թանկացման հիմնական շարժիչ ուժն են, մինչդեռ ԵՄ ածխածնի շուկայում թույլտվությունների արժեքի կտրուկ աճը հանգեցրել է էլեկտրաէներգիայի թանկացման մոտ մեկ հինգերորդին:

Օրբանը, ում հաջորդ տարի ընտրություններ են սպասվում, հայտնել է, որ «բյուրոկրատները Բրյուսելում» պայքարում են կլիմայի փոփոխության դեմ ՝ անընդհատ բարձրացնելով ածուխից եւ գազից ստացվող էներգիայի գները, ինչը կենցաղային էլեկտրաէներգիայի վճարների կտրուկ բարձրացման է հանգեցրել Եվրոպայում:

Օրբանի ազգայնական կառավարությունը 2010 թվականին սահմանափակեց բնակչության համար գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացումը` փաստացի սառեցնելով գները:

«Այս (ԵՄ) որոշումները պետք է հետ վերցվեն... գազի գներն այժմ այնտեղ են, որտեղ պետք է լիներ 2035 թվականին: Բրյուսելը լուծում չէ, այսօր այն խնդիր է»,- ասել է Օրբանը:

«Լեհերը, չեխերն ու մենք` հունգարացիներս, պահանջում ենք վերացնել կանոնները»:

Տրանսպորտի եւ ջեռուցման համար ածխածնի առեւտրի ընդլայնման ԵՄ-ի ծրագրերի դեմ արտահայտվել են ինչպես հարուստ, այնպես էլ պակաս հարուստ երկրներից, որոնք մտահոգված են, որ դա վճարների հիմնական մասը կթողնի սպառողների վրա:

ԵՄ կլիմայի քաղաքականության ղեկավար Ֆրանս Թիմերմանսը ասել է, որ եվրոպական տրանսպորտի ոլորտից արտանետումներն աճի միտում ունեն: Եթե վերահսկողություն չսահմանվի, ապա դա կխանգարի ԵՄ-ի նպատակին` մինչեւ 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 55 տոկոսով:

«Մեզ համար ամենամեծ սպառնալիքը Թիմերմանս անունով եվրահանձնակատարն է»,- ասել է Օրբանը: