ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որի համաձայն օգնություն է տրամադրվելու ամերիկացի զինվորականներին եւ պետական ​​ծառայողներին, ովքեր տառապում են «Հավանայի համախտանիշով», ուրբաթ հայտնել է Սպիտակ տունը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր օրենք ստորագրեցի՝ երաշխավորելու համար, որ անում ենք ամեն բան, որպեսզի կարողանանք աջակցել ԱՄՆ կառավարության այն ծառայողներին, ովքեր առողջական խնդիրներ են ունեցել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կոնգրեսին օրենքը միաձայն հաստատելու եւ հստակ ուղերձ հղելու համար, որ ինքներս ենք հոգ տանում մեր մասին: Ամբողջ աշխարհում քաղաքացիական ծառայողները, հետախուզության սպաները, դիվանագետներն ու զինծառայողները տուժել են առողջական խանգարումներից», - Բայդենի խոսքերն է մեջբերել Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ նման միջադեպերի դեմ պայքարն իր վարչակազմի հիմնական առաջնահերթություններից է: «Մենք գործի կդնենք ԱՄՆ կառավարության բոլոր ռեսուրսները՝ տուժածներին առաջին կարգի բժշկական օգնություն ցուցաբերելու եւ հասկանալու համար միջադեպերը՝ ներառյալ դրանց պատճառները եւ մեղավորները», - ընդգծել է Բայդենը:

«Հավանայի համախտանիշ» ունեցող ԱՄՆ քաղծառայողներին վճարումների մասին օրինագիծը Կոնգրեսը հաստատել է սեպտեմբերի վերջին: Այն նախատեսում է ֆինանսական վճարներ պետական կառույցների աշխատակիցներին եւ այն զինվորականներին, ովքեր ծառայություն իրականացնելիս գլխուղեղի վնասվածքներ են ստացել ինչպես արտերկրում, այնպես էլ ԱՄՆ տարածքում: Չի նշվում, թե խոսքը կոնկրետ որքան գումարի մասին է: