Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ կապված ջրի սակագնի սուբսիդավորման հետ: Այնտեղ ասվում է.

«Ինչպես հայտնի է, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հուլիսի 8-ից Երեւանում ջրամատակարարման եւ ջրահեռացման սակագինը մեկ խմ-ի համար սահմանվել է 195 դրամ՝ նախկին 181-ի փոխարեն:

Որպեսզի 14 դրամով թանկացումը չանդրադառնա մայրաքաղաքի բնակիչների սպառողական զամբյուղի վրա, Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ մայիսի 7-ին Երեւանի ավագանին որոշեց սուբսիդավորել խմելու ջրի սակագինը: Երեւանի ավագանու „Խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառումների եւ գումար հատկացնելու մասին“ որոշման համաձայն` Երեւանի 2010թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից „Երեւան Ջուր“ ՓԲԸ-ին կհատկացվի մինչեւ 340 մլն. դրամ՝ 2010թ. հուլիսի 8-ից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 31-ը սպառողներին մատուցվող խմելու ջրի դիմաց գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով:

Սուբսիդիան կտրամադրվի ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա փաստացի մատուցված ծառայությունների վերաբերյալ „Երեւան Ջուր“ ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

Հարկ ենք համարում ընդգծել, որ սուբսիդավորումը միայն սոցիալապես անապահով խավերի վրա չէ, որ տարածվում է, ինչպես թյուրիմացաբար նշել են որոշ լրատվամիջոցներ: Այն սոցիալական կոնկրետ հասցեականություն չունի եւ, Երեւանի ավագանու որոշման համաձայն, անխտիր վերաբերում է մայրաքաղաքի բոլոր ջուր սպառողներին»:

Նշենք, որ այս որոշմամբ, ըստ էության, քաղաքապետարանը գումար է հատկացնելու արտասահմանյան` ֆրանսիական կազմակերպությանը, ինչը որոշ տնտեսագետների կարծիքով գումարներ յուրացնելու բավական հարմար աղբյուր է: