Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը կարծում է, որ առանց ԼՂՀ մասնակցության՝ բանակցություններում լուրջ արդյունքներ չեն արձանագրվի:

«Կազմակերպությունները, որոնք այսօր կատարում են միջնորդական դեր, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, որքան գնում, գիտակցում եւ գալիս են եզրակացության, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության՝ լուրջ արդյունքների չեն հասնի: Մենք վստահ ենք, որ դա հակամարտող կողմերին եւ կարգավորման գործընթացը կբերի առավել արդյունավետ որոշումների»,- ասել է Սահակյանը՝ «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վարմունքում կառուցողականության բացակայությունն ու Ղարաբաղի չմասնակցելը գլխավոր պատճառներն են, թե ինչու բանակցային գործընթացում առ այսօր առաջընթաց չկա:

«Ադրբեջանի նման վարքը, մասնավորապես՝ ռազմատենչ հայտարարությունը, երկրի ռազմականացումը, ոչ մի կերպ չեն նպաստում հակամարտության կարգավորմանը: Ոսւտի մենք մշտապես կոչ ենք անում ԵԱՀԿ առաքելությանը՝ օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի Ադրբեջանը փոխի իր ոչնչով չարդարացված վարքը»,- նկատել է նախագահը:

Մեկնաբանելով Թուրքիայի ցանկությունը՝ մասնակցել բանակցային գործընթացին, ԼՂՀ նախագահը նշել է. «Մենք չենք թաքցնում, որ Թուրքիայի մասնակցությունը միայն կվատացնի գործընթացը: Ի վերջո, հարկավոր է հարգել Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումը, որով ԼՂՀ-ն բանակցային գործընթացի լիիրավ կողմ էր»:

Նախագահը նշել է նաեւ, որ խոսելով ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, չպետք է մոռանալ նաեւ այն կես միլիոն հայերի մասին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հարազատ վայրերը: «Մենք պատրաստ ենք քննարկել փախստականների հարցը ընդհանուր համատեքստի մեջ»,- նշել Բակո Սահակյանը: Նա նշել է նաեւ, որ իրենց ջանքերն ուղղված են, որ միջազգային հանրությունը ճանաչի ԼՂՀ փաստացի անկախությունը: