Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը անդրադառնալով Ղարաբաղում տեղի ունեցած ընտրություններին, հայտարարել է, թե ներկայում պարզում են դիտորդների ցուցակը, որոնց արգելվելու է այցելել Ադրբեջան:

Նրա խոսքով, Հայաստանն առայժմ իր դիրքորոշումը չի հայտնել Մադրիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ: Նա ասել է, թե հունիսին հանդիպելու է Մինսկի խմբի համանախագահների հետ, եւ քննարկելու են հարցը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել այն բանից հետո, երբ հայկական կողմն ընդունի այդ սկզբունքները:

Հարցին, թե արդյո՞ք այս տարի հնարավոր է խաղաղ համաձայնագրի ստորագրումը, Ադրբեջանի ԱԳ նախարարը պատասխանել է. «Բանակցության վերջնական փուլը կլինի այն պահը, երբ ադրբեջանական դրոշը ծածանվի Խանքենդիի վրա»:

Ինչ վերաբերում է Մեթյու Բրայզայի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակմանը, Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը համաձայնել է նրա թեկնածությանը: Հիշեցնենք, որ ներկայումս Բրայզայի թեկնածությունը պետք է հաստատվի Սենատում ու Կոնգրեսում, որից հետո նա կժամանի Բաքու: