2022 թվականի առաջին կեսին Ֆրանսիայում միջազգային համաժողով կկայանա, որի նպատակը մահապատժի համընդհանուր վերացումն է: Այս մասին շաբաթ հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը` ելույթ ունենալով Ֆրանսիայում մահապատժի վերացման 40-ամյակի կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
«ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության շրջանակներում, հասարակական կազմակերպությունների հետ միասին, մենք Փարիզում համաժողով կանցկացնենք` համոզելու այն պետությունների իշխանություններին, որտեղ մահապատիժը դեռեւս կիրառվում է, հրաժարվել այս ամոթալի արարքից»,- ասել է նա: Ֆրանսիան ԵՄ-ում կնախագահի 2022 թվականի հունվարից հունիս ամիսներին:
Մակրոնը նաեւ հայտնել է, որ «Փարիզը, Եվրամիության իր գործընկերների հետ միասին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ նստաշրջանին բանաձեւի նախագիծ կներկայացնի, որը պահանջում է, որպեսզի մահապատիժը չչեղարկած յուրաքանչյուր պետություն ՄԱԿ-ին տեղեկատվություն տրամադրի նշանակված եւ իրականացված մահապատիժների թվի վերաբերյալ»:




























