2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 233,8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 243 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար՝ 70,5 և 59,1 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 32,2 տոկոսով, ծախսերի գծով` 28,4 տոկոսով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Ֆինանսների նախարարությունից:
2010 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 9,3 մլրդ դրամ պակասուրդով` առաջին կիսամյակում նախատեսված շուրջ 79,3 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 21,7 մլրդ դրամի դիմաց: Ընդ որում, ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 11.0 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակի ծրագրի 12,4 տոկոսը, իսկ արտաքին աղբյուրները կազմել են 1,7 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 19,3 տոկոսը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 19,6 տոկոսով կամ 38,3 մլրդ դրամով: Ընդ որում, 20,8 տոկոսով (37.6 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 17,7 տոկոսով կամ 2,1 մլրդ դրամով` այլ եկամուտները: Միևնույն ժամանակ, պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերը նվազել են 53,4 տոկոսով կամ 1,3 մլրդ դրամով:



























