Տաշիրի տարածքային հարկային տեսչության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, մասնավորապես, ծայրահեղ հակահիգիենիկ պայմաններում ոգելից խմիչքի շշալցման դեպք։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, ոգելից խմիչքի կեղծ շշալցմամբ Լոռիում զբաղվել է Ստեփանավանի բնակիչ Խաչատուր Հունանյանը։ Օպերատիվ հետախուզության վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները նախ հայտնաբերել են Հունանյանին, ապա ստուգման է ենթարկվել նրան պատկանող ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «Золотые купола» պիտակով մի քանի տասնյակ շիշ օղի։ Ստուգումները շարունակվել են Հունանյանի տանը. վերջինս խոստովանել է, որ առանց պետական գրանցման ձեռնարկատիրությունը նա ծավալել էր իր սեփական տան առաջին հարկում։ Այսպես կոչված արտադրամասում եւս հայտնաբերվել է շշալցված շուրջ 200 շիշ օղի, հազարավոր դատարկ շշեր, խցաններ, 96 տոկոսանոց օղու սպիրտ։ Ապօրինի ձեռնարկատերը խոստովանել է նաեւ, որ այս պայմաններում շշալցումն իրականացվել է 2,5 տարի։

Նախնական հաշվարկներով, այս գործունեության հետեւանքով պետությանը պատճառված վնասը շուրջ 11,5 մլն դրամի է հասնում, իսկ պետական տուրքի մասով պետական բյուջե չի վճարվել 45 մլն դրամ։

Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների եւ Մարտունիի բաժինների աշխատակիցներն էլ օղու ապօրինի շշալցման եւ մանրածախ վաճառքի դեպքեր են բացահայտել Մարտունիում, Արմավիրում եւ Արարատում` ընդհանուր առմամբ` մի քանի հարյուր շիշ։ Որոշ դեպքերում վաճառված օղիները եղել են առանց ակցիզային դրոշմանիշների։

Հատուկ միջոցառումների բաժինը նաեւ օպերատիվ այլ տեղեկություն էր ստացել, ըստ որի՝ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում եվրապատուհանների ապօրինի արտադրամաս է գործում։ Իրացնելով օպերատիվ տվյալները` հաստատվել է, որ մատնանշված տարածքում, իրոք, ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել բնակիչ Սարմեն Ասատրյանը։ Պարզվել է նաեւ, որ վերջինս «ԱՍԱՍԱՐՄԵԴԻ» ՍՊԸ տնօրենն է, որը նախկինում գործել է Թալինի շրջանում եւ դադարեցրել էր գործունեությունը դեռեւս 2008թ.:

Օպերատիվ հետախուզության վարչության Շահումյանի բաժինն էլ առանց պետական գրանցման կահույքի արտադրամաս է հայտնաբերել։ Այն պատկանել է ֆիզիկական անձ Արմեն Մովսիսյանին, ով այս տարվա փետրվարից արտադրել եւ իրացրել է ավելի քան 1,5մլն դրամ արժողության կահույք։ Ստուգման պահին արտադրամասում արձանագրվել է նաեւ շուրջ 2մլն դրամի արտադրանք։