«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը վստահ է, որ կանցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ եւ կհաղթի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ընդ որում՝ նա նշել է, որ լրագրողները փորձում են նոր դեմքեր գտնել: «Երկրորդ փուլում Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը ձանձրալի են լրագրողների համար, քանի որ այդ թեկնածուներն արդեն հայտնի են, դա պակաս հետաքրքիր է»,-հավելել է նա:

«Ես կմասնակցեմ երկրորդ փուլում: Եւ, խոստովանեմ, ես կհաղթեմ»,-ընդգծել է Լը Պենը:

Չորեքշաբթի հրապարակվել էր Harris Interactive ընկերության հարցման հաշվետվությունը, համաձայն որի՝ ֆրանսիացի լրագրող եւ գրող Էրիկ Զեմուրը կարող է հայտնվել երկրորդ փուլում: Հարցման արդյունքներով՝ առաջին փուլում նախագահ Մակրոնը կհավաքի 24 տոկոս ձայն, Զեմուրը՝ 17 տոկոս, Լը Պենը՝ 15 տոկոս:

Լը Պենը, մեկնաբանելով հարցման արդյունքները, ասել է, որ բնավ մտահոգված չէ այդ իրավիճակով: Նա նաեւ ասել է, որ չորեքշաբթի հրապարակվել էր նաեւ ուրիշ հարցում, որի տվյալներով՝ նա գտնվում է երկրորդ տեղում:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա 2022 թվականի ապրիլի 10-ին, երկրորդը՝ ապրիլի 24-ին:

Ընտրություններում ցանկանություն են հայտնել մասնակցել մի շարք թեկնածուներ, այդ թվում՝ Մարին Լը Պենը, «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուք Մելանշոնը, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ազգային քարտուղար Ֆաբյեն Ռուսելը, Brexit-ի հարցով ԵՄ նախկին բանակցորդ Միշել Բարնյեն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (սոցիալիստներ):

Ֆրանսիայի գործող նախագահ Մակրոնն, ինչպես նաեւ Զեմուրը դեռեւս պաշտոնապես չեն հայտարարել ընտրություններին մասնակցության մասին: