Պետք է ունենալ ոչ թե կարճաժամկետ ասֆալտային ծրագրեր, այլ համապարփակ հեռահար և Գյումրու առանձնահատկություններին բնորոշ ծրագիր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանը։

«Ես բնույթով կառավարիչ եմ, կազմակերպիչ։ Իմ ուժերով ստեղծված «Գրոմ Սիքյուրիթի» ՍՊԸ-ն ապահովում է 300-ից ավել կառույցների պահպանությունը։ Բնական է, լուծված է նաև աշխատատեղերի խնդիրը։ Գյումրիի խնդիրները շատ խորքային են։ Նախ և առաջ պետք է հաղթահարել կադրային հիմնախնդիրը, հաշվի չառնելով կուսակցական պատկանելություն, գաղափարական հակասություն»,- նշում է նա՝ հավելելով, որ պետք է ստեղծել նեղ մասնագիտական արհեստավարժ կադրերի բազա՝ 5 տարուց ոչ պակաս աշխատանքային փորձով։

Հարցին, թե որ ուժերի հետ կհամագործակցեն և ում հետ համագործակցությունը կբացառեն, քաղաքապետի թեկնածուն ասաց․ «Ես լիբերալ մարդ եմ։ ՈՒնեմ ընդգծված բարեկամներ և չունեմ ընդգծված թշնամիներ։ Պատրաստ եմ համագործակցության բոլորի հետ, եթե նրանք բացառեն Գյումրու հիմնախնդիրները քաղաքականացնել։ Ասել եմ՝ որ ես քաղաքականացված մարդ չեմ»։

 «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն ընտրություններին մասնակցում է՝ «Որոշողը գյումրեցին է» կարգախոսով, որը, ըստ Հակոբյանի, ծնվել է գյումրեցիների հետ առաջին հանդիպումների ժամանակ։ «Եթե անկեղծ ես լինում գյումրեցու հետ և նրանք քեզ հավատում են ուրեմն իրենք էլ կլինեն որոշողը»,- վստահեցնում է թեկնածուն և նշում, թե ովքեր են ավագանու իրենց թեկնածուները՝ իրավապաշտպաններ, IT ոլորտ, մասնավոր և ցանցային բիզնես, ինչպես նաև միջին խավը ներկայացնող անձինք։

Հակոբյանի դիտարկմամբ՝ Գյումրին այսօր ապրում է իներցիայով։ «Փողոցների վերանորոգում, որի մասին շատ է թմբկահարվում՝ ոչ թե քաղաքային կամ մարզային իշխանությունների շնորհն է, այլ Եվրոբանկի տված վարկերն են, որը հետագայում վճարելու է Գյումրեցին»,- ասում է նա։

Հայրաքաղաքի զբոսաշրջային գրավչությունն էլ ավելի մեծացնելու համար քաղաքապետի թեկնածուն առաջարկում է ենթակառուցվածքներ ստեղծել։ «Ոչ թե մի քանի հուշարձանի կամ փողոցի վրա պետք է կենտրոնացվի զբոսաշրջրկի ուշադրությունը, այլ պետք է քաղաքի ամբողջ տարածքը իր ծայրամասերով ընդգրկվի զբոսաշրջության զարգացման ծրագրում»։

Հարցին՝ ընտրվելու պարագայում ո՞րն է լինելու առաջին որոշումը կամ անելիքը, ի պատասխան Վարդևան Հակոբյանն ասում է․ «Հայտարարել բաց դռների օր՝ մասնագիտական խմբեր ձևավորելու և համայնքային աշխատանքը կարգավորելու նպատակով։ Բաց դռների  օրը չի տևելու մեկ օր, այլ լինելու է անժամկետ։ Քանի որ ես և իմ թիմը խոստացել ենք մեկ առ մեկ լսել բոլորի առաջարկները, քննարկել մասնագետների առաջարկած ծրագրերը և ամենակարևորը հասանելի լինել գյումրեցիներին»։