ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Հանրապետական կուսակցությանը կոչ է արել ձերբազատվել Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունից եւ հետ կանչել ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող հանրապետական նախարարին։ Այս մասին նա այսօր հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ օտարալեզու դպրոցներ բացելու գաղափարը շատ վտանգավոր և ազգադավ քայլ է:
«Մեղքը թող գցեն ում վրա ցանկանում են՝ նախագահի, վարչապետի, բայց Հանրապետական կուսակցությունը ճիշտ կանի, եթե սահմանազատվի այդ նախաձեռնությունից եւ պաշտոնական մակարդակով հետ կանչի իր նշանակած նախարարին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ չկա ավելի նողկալի բան, քան անկախ Հայաստանում հայոց լեզվի նկատմամբ արհամարհանքի նման դրսեւորումն է։
«Խնդիրը հետևյալն է. ասում են, որ համաշխարհային քաղաքակրթական, գիտակրթական ձեռքբերումներին ինտեգրվելու համար պետք է հայերենից հրաժարվել, և դրա փոխարեն երիտասարդներին կրթություն տալ այլ լեզվով։
Դա ցուցադրական, նսեմացնող վերաբերմունք է հայերենի նկատմամբ։ Եթե դա լավ բան է, ապա պետք է բոլոր հայերը հասկանային։ Սակայն շատերը դեմ են այդ նախագծին»,-ասել է նա, նկատելով, որ 1 տոկոս կազմող այդ դպրոցների նկատմամբ 99 տոկոս կազմող հայկական դպրոցները վատ տրամադրությամբ կլցվեն։



























