Այսօր երեկոյան տեղի կունենա «Եվրատեսիլ 2010» մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին կմասնակցի նաեւ Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը: Բացի Հայաստանից՝ այս կիսաեզրափակչի մասնակիցների թվում են Լիտվայի, Իսրայելի, Դանիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Ռումինիայի, Սլովենիայի, Իռլանդիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Խորվաթիայի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները։

Եվա Ռիվասը ելույթ կունենա երկրորդը։

Ռիվասը կներկայացնի Apricot stone («Ծիրանի կորիզ») երգը, որի ժամանակ բեմում հսկայական ծիրանի կորիզից ծառ է աճելու, լինելու է նաեւ հրավառություն։ Երգն ուղեկցվելու է Ջիվան Գասպարյանի դուդուկի հնչյուններով:
Բուքմեյքերական ընկերությունները Հայաստանի շանսերը բարձր են գնահատում: Հաղթելու շանսեր ունեն Գերմանիայի, Իսրայելի, Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 29-ին, որտեղ կմրցեն 25 երկրների ներկայացուցիչներ: Եզրափակիչում կլինեն 2 կիսաեզրափակիչ փուլերն անցած10-ական երկրների ներկայացուցիչները, իսկ արտամրցութային կարգով՝ «Եվրատեսիլ»-ի հիմնադիր երկրներ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան, ինչպես նաեւ նախորդ տարվա մրցույթի հաղթող Նորվեգիան: