Քաշմիրի Հիմալայան շրջանում գրոհայինների հետ դաժան փոխհրաձգության հետեւանքով հինգ հնդիկ զինվոր է զոհվել, քանի որ վերջին շաբաթների ընթացքում վիճելի տարածաշրջանում բռնությունները շատացել են, հայտնում է AP-ն:

Ոստիկաններն ու զինվորները շրջափակել են Սուրանկոտեի հարավային անտառածածկ տարածքը՝ այնտեղ գրոհայինների առկայության մասին հետախուզության հաղորդագրությունից հետո, ասել է Հնդկաստանի բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Դեւենդեր Անանդը:

Ըստ Անանդի, երբ զորքերը որոնողական գործողություններ են սկսել, գրոհայինները կրակ են բացել, որի հետեւանքով ծանր վիրավորվել են մեկ սպա եւ չորս զինվորներ: Անանդի խոսքով՝ նրանց տարհանել են մոտակա բժշկական հաստատություն, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել եւ այնտեղ մահացել են:

Օգնության համար զինվորներ եւ ոստիկաններ են ուղարկվել այդ տարածք, մարտերը շարունակվում են:

Հնդկաստանը եւ Պակիստանը հավակնում են Քաշմիրի մասնատված տարածքին: Քաշմիրի մահմեդականների մեծ մասը պաշտպանում է ապստամբների նպատակը՝ տարածքը միավորել կամ Պակիստանի տիրապետության ներքո, կամ դառնալ անկախ երկիր: 1989 թվականից ի վեր հակամարտության հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, ապստամբներ եւ կառավարական զինվորականներ: