Իսրայելի Նեգեւ անապատում գտնվող հսկայական խառնարան թիմ է ուղարկվում՝ Մարսի մոլորակի պայմանները մոդելավորելու առաքելությամբ, հայտնել է AFP-ն:

Ավստրիական տիեզերական ֆորումը իսրայելական տիեզերական գործակալության հետ համատեղ 500 մետր խորությամբ եւ 40 կիլոմետր լայնությամբ Մախթեշ Ռամոնում խառնարանում Մարսի երեւակայական բազա է ստեղծել:

«Տիեզերագնացները» վիրտուալ կայանում մեկուսացված կապրեն մինչեւ ամսվա վերջ:

«Սա երազանքի իրականացում է», - AFP-ին ասել է 36-ամյա իսրայելցի Ալոն Թենզերը: «Սա այն է, ինչի վրա մենք աշխատել ենք տարիներ շարունակ»:

Մասնակիցները տարբեր երկրներից` Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Նիդեռլանդներից, Պորտուգալիայից եւ Իսպանիայից, պետք է ֆիզիկական եւ հոգեբանական թեստեր անցնեն:

Իրենց առաքելության ընթացքում նրանք փորձարկումներ կիրականացնեն՝ ներառյալ անօդաչու թռչող սարքի նախատիպով, որն աշխատում է առանց GPS-ի, ինչպես նաեւ քամու եւ արեւի էներգիայով աշխատող քարտեզագրման ավտոմատացված տրանսպորտային միջոցներով:

Առաքելությունը կկենտրոնանա նաեւ մարդու վարքագծի եւ տիեզերագնացների մեկուսացման ազդեցության վրա: «Խմբի համախմբվածությունը եւ միասին աշխատելու ունակությունը կարեւոր նշանակություն ունեն Մարսի վրա գոյատեւելու համար», - ասել է առաքելության ավստրիացի ղեկավար Գերնոտ Գրոմերը: