Հունաստանը կավելացնի սահմանապահների թիվը թուրքական սահմանին՝ զգուշանալով Աֆղանստանում ճգնաժամի հետ կապված անօրինական միգրացիայի փորձերի աճից, հայտնել է AP-ն:
Մի քանի ամսվա ընթացքում եւս 250 սպա է միանալու 1500-հոգանոց սահմանապահ ուժերին: Շուրջ 800 լրացուցիչ սահմանապահներ կվարձվեն թուրք-հունական սահմանին մոտ գտնվող տարածքներում եւ օդանավակայաններում աշխատելու համար:
Իշխանությունների խոսքով՝ աճը մասամբ պայմանավորված է Աֆղանստանում թալիբների կողմից իշխանության զավթմամբ: Հունաստանը վերջին երկու տարիների ընթացքում խստացրել է միգրացիոն քաղաքականությունը եւ սահմանների անվտանգությունը՝ տեղադրելով հսկողության բարձր տեխնոլոգիական ցանց, որով կանխվելու են ապաստան հայցողների կողմից սահմանի խախտումները:
Երկուշաբթի խորհրդարանում Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին հայտարարել է, որ Եվրամիության 27 երկրներում գնալով ավելի շատ «առաջնագծի» երկրներ են գործադիր հանձնաժողովից պահանջում խիստ միջոցներ ձեռնարկել միգրացիան զսպելու համար: «Եվրոպան սահմանակից չէ պատերազմող երկրների հետ: Իսկ վերջին տարանցիկ երկիր ժամանող մարդկանց մեծ մասը վտանգված չէ, ուստի կարեւոր է վերանայել, թե ինչպես է աշխատում (միգրացիոն քաղաքականությունը) եւ ինչպես է գործում սահմանների անվտանգությունը», - ասել է Միտարաչին:




























