ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 10 միլիոն դրամ է հատկացրել Գյումրիի Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Հիշեցնենք, որ «Ռոքն օգնում է Հայաստանին, Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրով նախատեսվում է վերակառուցել վերը նշված դպրոցը, եւ կառավարությունը իր մասնակցությունն է բերում այդ ծրագրին:

Այդ նպատակով ՀՕՖ-ը բացել է հատուկ հաշվեհամար, ուր փոխանցվելու է մարտին Երեւանում տեղի ունեցած Յան Գիլանի բարեգործական համերգներից գոյացած հասույթը` 18,327.0 հազար դրամը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ մտադրություն կա Հայաստանում անցկացնել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոն, որին մասնակցելու համաձայնություն են տվել աշխարհի բազմաթիվ երաժիշտներ։

Բացի այդ, կառավարությունը վերաբաշխում կատարելով 2010թ. պետբյուջեում՝ իր պահուստային ֆոնդից 152,3 միլիոն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` այս տարվա գարնանային վարարումներից Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտակայքում Արաքս գետի ափի 475 մետր երկարությամբ արգելաթմբի վերականգնման նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով նկատել է, որ առաջիկայում հավանաբար դարձյալ ծախս կպահանջվի, քանի որ վարարման սեզոնը չի ավարտվել, ու անհրաժեշտ է նվազագույնի հասցնել դրա բացասական հետեւանքները։

Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3,5 միլիոն դրամ է հատկացրել «Վանաձորի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի նորոգման եւ վերափոխման աշխատանքների համար։