Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը պատասխանել է Ուսանողական այգում կատարվող շինարարության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գրությանը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է նրան, որ այդ այգում 2 հսկա շինություն է կառուցվում Վիկտոր Համբարձումյանի արձանի կիպ հարեւանությամբ:
Ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետի՝ շինարարական աշխատանքների պատվիրատուն «Էլեգանտ 5» ՍՊԸ-ն է: Կառուցապատման համար հիմք են հանդիսացել Երեւանի քաղաքապետի 2003 թ. Ապրիլի 15-ի որոշումը, նույն թվականի մայիսի 27-ի հողի վարձակալության պայմանագիրը, անշարժ գույքի սեփականության (վարձակալության) իրավունքի գրանցման վկայականը։
Սրճարանի վերակառուցման նախագիծը մշակվել է «Ֆուլ-Արտ» ՍՊ ընկերության կողմից եւ ՀՀ կառավարության 02.02.2002թ. հ.96 որոշմամբ հաստատված «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգի» համաձայն՝ վերջինիս կողմից տրվել է երաշխավորագիր՝ նախագիծը ՀՀ օրենսդրության եւ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխանության մասին։
Համաձայնեցված նախագծով նախատեսվում է 1996-ից գործող հնաոճ տեսքով սրճարանի արդիականացում՝ նախկինում տրված հողատարածքի սահմաններում՝ պահպանելով հողատարածքի գոյություն ունեցող անջրանցիկ կառուցապատման տոկոսը եւ բացառելով որեւէ ծառահատում։
Տաղավարները միահարկ են, առանց նկուղային հարկերի՝ չշահագործվող հարթ տանիքով։ Ընդ որում, Վիկտոր Համբարձումյանի արձանից Աբովյան փողոց ընկած առանցքի երկու կողմում տեղակայված տաղավարների բարձրությունը նախկին 5,3 մետր բարձրությունից կրճատվել եւ հասցվել է 4,3 մետրի, իսկ ծավալների միջեւ հեռավորությունը 4,5 մետրից հասցվել է 10,5 մետրի, որի արդյունքում բարելավվել է Աբովյան փողոցից արձանի տեսանելիությունը։
Տերյան փող . հ.74 հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ.
Շինարարական աշխատանքների պատվիրատու է հանդիսանում «Արմեն» ՍՊԸ-ն: Սրճարանի վերակառուցման նախագիծը մշակվել է «Մետրոնախագիծ» ՓԲԸ կողմից: Համաձայնեցված նախագծով նախատեսվում է գործող հնաոճ մեկ հարկանի երկթեք տանիքով սրճարանային շենքի քանդում եւ տեղում՝ նախկին հողատարածքի սահմաններում, նկուղային հարկով եւ մեկ վերգետնյա հարկով, շահագործվող տանիքով սրճարանի կառուցում՝ պահպանելով տարածքի նախկին անջրանցիկ կառուցապատման տոկոսը։ Նախագծով նաեւ բացառվել է նախկինում հետիոտն անցուղու եւ կանաչ հատվածի զբաղեցումը բացօթյա նստատեղերով։
Վերը նշված սրճարանների վերակառուցման եւ արդիականացման գործընթացի նպատակով լրացուցիչ հողհատկացումներ չեն կատարվել։



























