Այսօր երեկոյան ժամը 19-ին Երեւանի «Կասկադ» համալիրում կկայանա «Կարին» ազգագրական պարի համույթի կողմից կազմակերպված բացօթյա անվճար դասընթաց-պարապմունք, որի ընթացքում միջոցառմանը ներկա բոլոր ցանկացողներին հնարավորություն կընձեռվի ինչպես դիտելով, այնպես էլ մասնակից լինելով՝ սովորել հայկական ավանդական պարեր։
Նշենք, որ նախաձեռնության հեղինակներն են «Կարին» համույթը, «Նարեկացի» արվեստների միությունը եւ «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամը։
«Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի տեղեկացմամբ՝ դասընթաց-պարապմունքները «Կասկադի» տարածքում կանցկացվեն ամառային ամիսներին՝ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը, իսկ մյուս ամիսներին՝ «Նարեկացի» մշակութային կենտրոնում։ «Այս ձեռնարկը նոր չէ, մենք այն մինչեւ հիմա իրականացրել ենք „Նարեկացի“ արվեստի միության կենտրոնում։ Սակայն „Գաֆէսճեան թանգարան“ հիմնադրամի („Կասկադ“ համալիր) պատասխանատուների կողմից ստանալով համապատասխան թույլտվություն, որոշեցինք ամռան ամիսներին այն անցկացնել այդտեղ՝ ակնկալելով այցելուների առավել մեծ ակտիվություն»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է Գինոսյանը։ Վերջինիս տեղեկացմամբ «Նարեկացի» կենտրոնում անցկացված նմանատիպ միջոցառումներին այցելում էին շուրջ 200 հոգի, եւ հիմա նպատակը այցելուների ավելի մեծ քանակ ապահովելն է՝ ավելի մեծ թվով մեր հայրենակիցների հաղորդակից դարձնելը ազգային պարերի վերածննդին ինչ-որ չափով նպաստող այս միջոցառումներին։ Միջոցառումը իրականացվում է «Մենք եւ մեր պարերը» խորագրի ներքո։



























