Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամը, ի դեմս կենտրոնի հիմնադիրներ՝ ամերիկահայ բարերար Ռիթա Պալյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի, ծրագրում է ժամը 17-17:30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի մետրոյի մի քանի կայարաններում (Զորավար Անդրանիկ, Հանրապետության Հրապարակ, Երիտասարդական), 17:30-ից 18:00 Ուսանողական այգում հետաքրքիր միջոցառումերի շարք, ինչպես նաեւ «Հիվանդությունից մեկ քայլ առաջ» խորագրով Flash Mob-ակցիա Հաղթանակի զբոսայգում` 18:30-ից 19:00 ընկած ժամանակահատվածում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ից:

Միջոցառումների նպատակն է շնորհավորել բոլորին երեխաների պաշտպանության միջազգային օրվա, Հանրապետության օրվա եւ Կանանց առողջության միջազգային օրվա (մայիսի 28) կապակցությամբ, ինչպես նաեւ բարձրացնել հայ կանանց իրազեկվածությունը հիվանդությունների վաղ կանխարգելման կարեւորության մասին եւ նրանց մեջ դաստիարակել բժշկի գնալու մշակույթ, քանի որ կինն իրավունք չունի խաղալ իր եւ իր ընտանիքի ճակատագրի հետ, չէ՞ որ եթե մայրը հիվանդ է, հիվանդ է նաեւ ամբողջ ընտանիքը, իսկ երեխաների համար առավել կարեւոր է ծնողների առողջությունը: Այդ նպատակով կբաժանվեն բուկլետներ՝ ահազանգելով, որ կրծքագեղձի հիվանդությունների մեծ մասը հաջողությամբ բուժվում է սկզբնական փուլում, որը կարող է նկատել միայն մասնագետը:

Միջոցառումներին իրենց մասնակցությունը կցուցաբերեն շուրջ 50 կամավորներ, այդ թվում՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողներ ու շրջանավարտներ եւ այլոք:

Միջոցառումների աջակիցներն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, USAID-ն, ռեժիսոր Վահե Հակոբյանը, օպերատոր Մկրտիչ Խաչատրյանը, ինչպես նաեւ PR-ի զարգացման հայկական կենտրոնը: