Բենզինի թանկացման հարցում մեծ է միջազգային շուկաներում նավթամթերքի գների բարձրացման դերը, բայց միայն այդ այդ բաղադրիչը չէկան նաեւ ներքին գործոններ, մասնավորապես, պետական վերահսկողության թուլությունը կամ բացթողումները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

Նշենք, որ բենզինի գինը Հայաստանում թանկացել է։ Մի շարք բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի մեկ լիտր բենզինը վաճառվում էր 520 դրամով, իսկ պրեմիում տեսակի բենզինը՝ 540 դրամով:

«Շուկայում գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ են, խաղացողների քանակը փոքրաթիվ է, ինչը հնարավորություն է տալիս ոչ մեկի համաձայնության միջոցով գները միասնական պահել։ Դա է պատճառը, որ ՏՄՊՊՀ-ի օրենսդրորեն խնդիրներից մեկը շուկաների գնային մոնիթորինգ իրականացնելը եւ վերահսկողական որոշակի գործառույթ կատարելն է, որն ըստ իս, պատշաճ մակարդակով չի իրականացվում»,- նշեց նա։

Տնտեսագետի կարծիքով՝  էկոնոմիկայի նախարարի կանխատեսումն առավելապես հիմնված է եղել այն հանգամանքի վրա, որ դոլարի փոխարժեքը վերջին տասնօրյակի ընթացքում որոշակիորեն նվազման միտում է արձանագրել. « Այդ հանգամանքը հաշվի առնելով, մտածում են, որ դրամով արտահայտված ներքին շուկայում բենզինի գները պետք է, որ իջնեն, բայց ես այդ կարծիքն այդքան էլ չեմ կիսում։ Անշուշտ, եթե պետական հստակ վերահսկողություն իրականացվի շուկայում, որոշակի ռեզերվներ կան գները նվազեցնելու համար»։

Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանը որպես խաղացող, միջազգային գների վրա ազդել չի կարող. «Հետեւաբար՝ այդ բաղադրիչով ուզենք, թե՝ չուզենք կախված ենք լինելու արտաքին շուկայում տեղի ունեցող պրոցեսներից։ Գոնե մեր մասով, եթե շուկայի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմիններն իրենց՝ օրենսդրությամբ սահմանված գործառույթները պատշաճ կատարեն, կարծում եմ՝ չհիմնավորված թանկացման բաղադրիչը հնարավոր կլինի չեզոքացնել»։