Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Հեյհե քաղաքի իշխանությունները, որը գտնվում է Չինաստանի հյուսիսարեւելյան Հեյլունցզյան նահանգում, կորոնավիրուսային վարակի մեծ բռնկման ֆոնին 100 հազար յուան (15.6 հազար դոլար) պարգեւատրում են խոստանում նրանց, ովքեր կօգնեն համաճարակաբանական հետազոտություն եւ բռնկման աղբյուրի որոնման հարցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հեյհեի ժողովրդական կառավարության քարոզչության բաժինը WeChat-ում ասել է, որ «կորոնավիրուսի ներկայիս բռնկման աղբյուրը եւ փոխանցման շղթան արագ բացահայտելու համար անհրաժեշտ է ժողովրդական պատերազմ վարել հիվանդության կանխարգելման եւ վերահսկման ոլորտում»:
Քաղաքային իշխանությունները հորդորում են անհապաղ դիմել ոստիկանություն, եթե քաղաքացին որեւէ տեղեկություն ունի սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության, ապօրինի որսի եւ անդրսահմանային ձկնորսության դեպքերի մասին։ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից ինտերնետով ներկրված ապրանքներ ձեռք բերած անհատները, մասնավորապես՝ սառեցված սնունդ, պետք է անմիջապես ախտահանեն փաթեթավորումը եւ ապրանքը, այնուհետեւ ուղարկեն Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման տեղական կենտրոն՝ վիրուսի առկայությունը ստուգելու համար:
Իշխանությունները հորդորում են բնակիչներին հայտնել ցանկացած հնարավոր ապացույցի մասին, որը կարող է կապված լինել հիվանդության տարածման հետ:
«Այն անհատները, ովքեր արժեքավոր տեղեկատվություն կտրամադրեն, կօգնեն հաջողությամբ բացահայտել բռնկման աղբյուրը, 100.000 յուան պարգեւ կստանան», - ասվում է հաղորդագրության մեջ։
Խիստ լոքդաունը Հեյհե քաղաքում սկսվել է հոկտեմբերի 28-ին այն բանից հետո, երբ Այհուի շրջանում կորոնավիրուսով վարակման մեկ հաստատված տեղական դեպք հայտնաբերվեց, ինչպես նաեւ` երեք ասիմպտոմատիկ դեպք: Քաղաքը խիստ վերահսկում է բնակչության տեղաշարժը, փակ հսկողության համակարգ է ներդրվել բնակելի համալիրներում եւ միկրոշրջաններում։
Քաղաքային ավտոբուսների եւ տաքսիների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է, ցանկացած տրանսպորտային միջոցի տեղաշարժն արգելված է առանց հատուկ պատճառների, քաղաքով կարող են տեղաշարժվել միայն շտապօգնության ավտոմեքենաները, շտապ փրկարարական ծառայությունները, ինչպես նաեւ քաղաքի կենսապահովման կամ համավարակի դեմ պայքարում ներգրավվածները։ Անհնար է նաեւ քաղաք մտնել եւ դուրս գալ առանց հատուկ պատճառի։
Վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 27-ից քաղաքում հայտնաբերվել է վարակման ավելի քան 200 դեպք։





























