Ֆրանսիայի եպիսկոպոսները պարտավորվել են լրացնել այն մարդկանց փոխհատուցման ֆոնդը, ովքեր դարձել են եկեղեցում սեռական հանցագործությունների զոհ, հրաժարվելով եպիսկոպոսների դասի շարժական եւ անշարժ գույքից, տեղեկացրել է միաբանության ղեկավար Էրիկ դը Մուլեն-Բոֆորը։

Հոկտեմբերի սկզբին ներկայացվեց եկեղեցում սեռական բռնության հարցերի անկախ հանձնաժողովի զեկույցը։ Համաձայն այդ զեկույցի տվյալների՝ Ֆրանսիայում 1950-2020թթ. ընթացքում եկեղեցու սպասավորների եւ կրոնական գործիչների կողմից սեռական բռնության զոհ է դարձել առնվազն 216 հազար անչափահաս, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Անցած շաբաթ Ֆրանսիայի եպիսկոպոսները որոշում են ընդունել «ճանաչել եկեղեցու ինստիտուցիոնալ պատասխանատվությունը» սեռական բռնության համար, որից տուժել են հազարավոր մարդիկ, եւ այդ հանցագործությունների «համակարգային բնույթը»։

Երկուշաբթի կաթոլիկ եպիսկոպոսների դասի ղեկավարը տեղեկացրել է, որ ստեղծվելու է անկախ ազգային մարմին՝ զոհերին հասցված վնասը ճանաչելու եւ փոխհատուցելու համար։ Այդ մարմինը գլխավորելու է իրավաբան Մարի Դերեն դը Վոքրեսոնը։

Էրիկ դը Մուլեն-Բոֆորի խոսքով՝ ընդունվել է որոշում լրացնելու փոխհատուցումների հիմնադրամը, որը բացվել է սեպտեմբերին։

«Այդ հիմնադրամը մենք համալրել ենք մեր սեփական մուծումներով։ Բայց ակնհայտ է, որ պետք է հավաքել ավելի շոշափելի գումարներ... Ուստի այսօր առավոտյան Ֆրանսիայի եպիսկոպոսները որոշել են համալրել հիմնադրամի միջոցները՝ հրաժարվելով եպիսկոպոսների դասի եւ թեմերի շարժական եւ անշարժ գույքից»,- ասել է նա։

Եպիսկոպոսների դասի ղեկավարը նշել է, որ եկեղեցին հիմնադրամի միջոցները համալրելու համար չի օգտագործի հավատացյալների նվիրատվությունները։

«Բոլոր եպիսկոպոսները համաձայնել են փորձել պարզել իրենց թեմերում այն գույքը, որից կարող են ազատվել»,- ավելացրել է նա։ Բացի այդ, Ֆրանսիայի եպիսկոպոսները որոշել են վարկ վերցնել անհրաժեշտության դեպքում, որպեսզի հնարավորություն ունենան կատարելու իրենց պարտավորությունները, տեղեկացրել է Էրիկ դը Մուլեն-Բոֆորը։