Լեհաստանը խոշոր տրամաչափի զինատեսակներով ռազմական տեխնիկա է բերում դեպի Բելառուսի սահման։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը։

Նրա խոսքով, սահմանային գծում կան ավելի քան 2000 թշվառ մարդիկ, որոնց թվում՝ կանայք եւ երեխաներ։ «Ահա այս մարդկային, մարդասիրական բաղադրիչն այժմ ամենամեծ նշանակությունն ունի։ Նրանք բոլորը օբյեկտիվորեն թշվառ երկրներից են, ուր միջամտել են արեւմտյան երկրները, եւ ուղղակիորեն ասում են, որ Բելառուսի տարածքը չեն համարում իրենց բնակության վայր, ուզում են դիմել ԵՄ-ում պաշտպանության համար։ Դրա փոխարեն նրանց թունավորում են գազով, կրակում են նրանց գլխավերեւում եւ խոշոր տրամաչափի զինատեսակներով զինտեխնիկա են բերում դեպի սահման»,- ընդգծել է նա, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

«Լավ, Լեհաստանը ԵՄ երկիր է: Բայց միանգամայն անհասկանալի է ԱՄՆ-ի լուռ դիրքորոշումը, որը հանգիստ հետեւում է, թե ինչպես են լեհերը ծաղրում իրենց գլխավոր դաշնակիցներից մեկին՝ քրդերին։ Չէ՞ որ այսօր լեհ-բելառուսական սահմանին փախստականների մեծ մասը քրդեր են։ Եւ բոլորովին վերջերս, բառացիորեն սեպտեմբերին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ չի լքի, մեջբերում եմ, «Արեւմուտքի ամենամոտ դաշնակիցներին Սիրիայում, ինչպես դա արեց Աֆղանստանի հետ»։ Իմ կարծիքով, ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը նույնիսկ ուղարկվել էր Սիրիայի արեւելք՝ քրդերին անձնական երաշխիքներ տալու համար»,- ասել է Մակեյը։ «Եւս մեկ անգամ կրկնեմ՝ մենք բազմիցս հայտարարել ենք բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ երկխոսության մեր պատրաստակամության մասին։ Բելառուսական կողմը բազմիցս կոչ է արել եվրոպական երկրներին հրաժարվել փախստականների նկատմամբ խտրականությունից՝ նրանց ընտրած ուղու պատճառով։ ԵՄ-ի կողմից իրավիճակի անտեսումը մեծ հումանիտար ռիսկեր է պարունակում, առաջին հերթին փախստականների համար»,- ամփոփել է Բելառուսի արտաքին գործերի նախարարը։